Տնտեսական նորարարությունները կարող են հանգեցնել անվտանգության նոր երաշխիքների. վարչապետ Փաշինյանը՝ եռակողմ նոր հայտարության վերաբերյալ
Monday, January 11, 2021Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Այն տևեց մոտ չորս ժամ: Սա նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի առաջին հանդիպումն է պատերազմից հետո:
Հանդիպմանը քննարկվել են հիմնականում տնտեսական ապաշրջափակման և հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգման հետ կապված հարցեր: Կողմերը եկան համաձայնության եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կգլխավորեն երեք կողմերի փոխվարչապետները: Խմբի շրջանակում կստեղծվեն տարբեր ուղղություններով աշխատանքային ենթախմբեր, ուր կներգրավվեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռազմագերիների հետ հարցին, որը գագաթաժողովին բարձրացրել է հայկական կողմը, նշել է, որ այս հարցով հնարավոր չեղավ հասնել համաձայնության:
«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է: Մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք այս ուղղությամբ բանակցել: Ցավոք, մեր հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի կատարվում: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի շատ կարճ ժամկետներում հասնել կոնկրետ լուծման»,- ասել է Փաշինյանը:
Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն: Փաշինյանը «շատ կարևոր է» որակել ստորագրված եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա համաձայնությունների իրականացումը, ըստ վարչապետի, կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական կերպարն ու տեսքը:
«Տնտեսական նորարարությունները կարող են հանգեցնել անվտանգության նոր երաշխիքների»,- ասել է ՀՀ վարչապետը:
Համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․
Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․
1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու ՌուսաստանիԴաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:
https://www.amerikayidzayn.com/a/5733174.html