Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր
Wednesday, January 22, 2020Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, և սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները շատ կոնկրետ օրինակներով տեսնեն, թե իրենց վճարած հարկերն ինչպիսի արտահայտություն են գտնում իրականության մեջ և ինչպես են փոխում իրենց կյանքը: Կառավարության մասնակցությունը, իհարկե, շատ մեծ խթան է»:
Կառավարության ղեկավարը նշել է՝ արդեն երկրորդ տարին է, որ պետական բյուջեից 10 մլրդ դրամ հատկացնում են սուբվենցիոն ծրագրերի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև ասել է, որ ընդհանուր 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացրել մարզերում, և դեռևս համայնքները չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով:
«Բայց, ինչպես մի քանի անգամ ասել եմ, սկզբունքը հետևյալն է լինելու՝ այն պահին, երբ մեր համայնքները 10 մլրդ դրամը կիրացնեն, պետական բյուջեից հատկացումը կավելանա և կավելանա 1 մլրդ դրամ, 2 մլրդ դրամ՝ այնքան, ինչքան կարողանան մեր համայնքներն այդ սուբվենցիաներն իրականացնել», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Սուբվենցիոն ծրագրերի համակարգը նաև զուտ տնտեսական, քաղաքական իմաստով հնարավորություն է տալիս՝ երկխոսության նոր մակարդակ ունենալ մեր քաղաքացիների հետ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի որակի առումով, ասել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ այս տարի սուբվենցիոն ծրագրի մեջ ևս մի կարևոր բաղադրիչ են մտցրել. մասնավոր հատվածը, բարերարները, այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել համայնքի զարգացմանը, հնարավորություն ունեն մասնակցել սուբվենցիոն ծրագրին:
«Մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը, և մենք պետք է նաև այնպես անենք, որպեսզի համայնքներում կառավարության և մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը մաքսիմալ կենտրոնանան՝ նկատի ունեմ ֆինանսական միջոցների առումով, որպեսզի այդ ֆինանսական միջոցների իրացումը մեզ ավելի տեսանելի, շոշափելի արդյունքների բերի: Այսօր մենք կքննարկենք նաև այն ընթացիկ խնդիրները, որոնց հետ մարզպետները բախվում են իրենց աշխատանքի ընթացքում և կփորձենք լուծումներ գտնել նաև այդ հարցերին», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է մարզերում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերի արդյունքները. նախորդ տարի պետություն-համայնք համագործակցության ընթացքում իրականացվել են ընդհանուր 16 մլրդ 378 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 9 մլրդ 597 մլն դրամ:
«2019թ. ընթացքում կատարողականի հիմքով և նաև որակական չափորոշիչը հաշվի առնելով՝ մենք կատարել ենք 6 մլրդ 366 մլն դրամի փոխանցում: Մնացած հատվածը մենք չփոխանցեցինք համայնքներին, այլ 2020 թ. կատարելու և սխալները շտկելու հնարավորություն ենք տվել, և միայն այս տարվա ընթացքում, եթե հավուր պատշաճի աշխատանքը կատարված կլինի, նոր կկատարվեն մնացած փոխանցումները: Սա շատ կարևոր ուղերձ է կատարողներին, կապալառուներին, որպեսզի բոլորի համար պարզ դառնա, որ մեզ համար շատ կարևոր է որակական չափանիշը: Այսինքն՝ մենք պետք է մտնենք ստանդարտների մեջ, որոնք պետությունը պահանջում է, և կապալառուները պարտավոր են իրենց ստանձնած պարտավորությունները կատարել այնպես, ինչպես դրված է նախնական պահանջում», - զեկուցել է նախարարը:
Պապիկյանի խոսքով՝ այս տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է մարզերում մոտ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում, որը հնարավորություն կտա պանելային բոլոր շենքերը դարձնել էներգախնայող, ինչը ենթադրում է տանիքի, նկուղային հատվածի, արտաքին պատերի վերանորոգում, ամրացում և նաև արտաքին տեսքի փոփոխություն:
Խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարում Հայաստանի մարզերում ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, ենթակառուցվածքային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև սպանդանոցների առնչությամբ ստեղծված իրավիճակին: Արծարծվել են մարզպետարանների և պետական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է համակարգված աշխատանքը և նշել, որ ընթացիկ կառավարումից պետք է անցում կատարել ռազմավարական լուծումների, և 2020 թվականի անելիքները պետք է բխեն հենց այս տրամաբանությունից:
https://www.azatutyun.am/a/30391143.html