Վարչապետը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին եւ Իրանի նախագահ Ռոհանիին
Wednesday, January 8, 2020Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ուկրաինայի նախագահին հղված հեռագրում ասված է.
«Հարգելի պարոն Զելենսկի,
Խոր վշտով ստացա Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման ցավալի լուրը:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս դժվարին պահին մենք Ուկրաինայի բարեկամ ժողովրդի կողքին ենք»:
Իրանի նախագահին հղված հեռագրում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ցավով տեղեկացա հունվարի 8-ին Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայ ժողովրդի անունից իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի բարեկամ ժողովրդին»:
https://armenpress.am/arm/news/1000814.html