Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Monday, September 9, 2019ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Հարգելի Էմոմալի Ռահմոն,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Անկասկած, Տաջիկստանի ժամանակակից պատմության այս նշանակալի օրը երկրի կյանքում արմատական վերափոխումների սկիզբ դրեց, նախանշեց միջազգային համագործակցության առաջնահերթությունները:
Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների՝ բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հենված հարաբերություններն այսուհետ ևս կնպաստեն միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Հարգելի Էմոմալի Ռահմոն,
օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: