Վարչապետը խուճապ տարածող «տնայնագործ գեոպոլիտիկներին» խորհուրդ է տալիս հանգիստ նստել տեղները
Friday, January 3, 2020Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որոնք ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր, եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին եւ մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով:
Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ»,- նշել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի պատերազմ է հայտարարել Իրանին՝ անցկացնելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությունը, համարում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնական, «Միջազգային ճգնաժամային խմբի» նախագահ Ռոբերտ Մալլին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Իրաքի «Ալ Խաշդ աշ Շահաբի» աշխարհազորը հայտարարել է Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով իր 5 անդամների և «երկու հյուրերի» զոհվելու մասին։ Զոհվածների թվում է եղել գեներալ Սուլեյմանին։ Հարվածի համար պատասխանատվությունն ստանձնել է ԱՄՆ-ն, Թեհրանը հաստատել է բարձրաստիճան ռազմական գործչի զոհվելը։
ՏԱՍՍ-ի համաձայն՝ հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ, որի մերձակայքում տեղակայված են ամերիկյան ռազմակայանները, հզոր պայթյուններ են որոտացել։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն Ամերիկայից»։
https://armenpress.am/arm/news/1000596.html