Սպիտակ տունը նախագահից հաջորդ նախագահին անցնելու մանրամասները
Friday, January 15, 2021Հունվարի 20-ին երդում է տալիս ԱՄՆ-ի նոր նախագահը եւ մուտք գործում Սպիտակ տուն: Դրանից վեց ժամ առաջ Սպիտակ տնից հեռանում է նախորդ նախագահի ընտանիքը, եւ սենյակները մաքրում են նոր նախագահի ընտանիքին դիմավորելու համար:
Անիտա ՄաքԲրայդն այսպես դիմավորել եւ ճանապարհել է նախագահական երեք վարչակազմերի: Նա եղել է Լորա Բուշի անձնակազմի ղեկավարն ու արդեն լավ գիտի, թե ինչ են իրենից սպասում Ջո Բայդընն ու նրա կինը` ապագա առաջին տիկին Ջիլ Բայդընը:
Նոր նախագահն ու առաջին տիկինը արդեն իսկ ընտրած են լինում այն կահույքն ու արվեստի գործերը, որոնք որպես Սպիտակ տան թանկարժեք հավաքածուի մաս, պահվում են Մերիլենդի հատուկ պահեստում:
Միշել Օբաման, օրինակ, այնքան է հավանել Լորա Բուշի ընտրած կահուքը, որ Ջորջ Բուշի հեռանալուց հետո ամեն ինչ թողել է նույնությամբ, միայն խնդրել է սենյակներ պատրաստել իրենց մանկահասակ դստրերի համար:
Նոր նախագահն ընտրում է նաեւ Օվալաձեւ սրահի կահույքը: Նախագահների մեծ մասն ընտրում է Վիկտորիա թագուհու կողմից նախագահ Ռութֆորդ Հայեսին 1800-ականներին նվիրած կահույքը:
Անիտա ՄաքԲրայդի խոսքերով, կարեւոր տեղ է հատկացվում գորգի ընտրությանը: Ինչ վերաբերում է Ջորջ Վաշինգտոնի դիմանկարին, ապա այն այստեղ ունի իր մշտական տեղը:
Բաժանության պահը դժվար է լինում սովորաբար նախագահականբ այն ընտանիքների հետ, որտեղ կան երեխաներ: Դժվար է նաեւ նրանց համար, ովքեր ծառայել են պաշտոնավարման մեկ ժամկետ:
Հրաժեշտի պահը դժվար է նաեւ այն սպասավորների համար, որոնք խնամում են առաջին ընտանիքի ընտանի կենդանիներին:
Սպիտակ տան փոխանցման ընթացքում կա եւս մեկ կարեւոր խնդիր: Եվ այդ խնդիրն այն է, որ Սպիտակ տան սեփականություն համարվող որեւէ թանկարժեք իր շփոթմունքի արդյունքում դուրս չգա այնտեղից: Սպիտակ տան պատմական հարցերով ընկերակցության անդամները շատ լավ գիտեն բոլոր առարկաներն ու պարագաները: Նրանք շատ լավ գիտեն, թե որ առարկան է պատկանում նախագահական ընտանիքին եւ որն է համարվում Սպիտակ տան սեփականություն:
Այս կազմակերպվածությունն է օգնում, որ մի նախագահից մյուսին Սպիտակ տան անցումը կատարվի անձայն, աննկատ, սակայն` ճիշտ ու անթերի:
https://www.amerikayidzayn.com/a/5739259.html