Որոշումը չպետք է հիմնվի խտրականության վրա՝ ամերիկացի փորձագետը Հայոց պատմություն առարկայի դասավանդման մասին․ «Ամերիկայի ձայն»
Thursday, February 13, 2020Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ Միացյալ Նահագների հանձնաժողովի հովանու ներքո ԱՄՆ Սենատում ընթացավ քննարկում կրոնական ազատությունների ու անվտանգության խնդիրների փոխկապակցվածության շուրջ: Անդրադարձ եղավ նաև Հայաստանին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Կրոնական ազատության ու անվտանգության փոխկապակցվածության մասին օրերս քննարկում ընթացավ ԱՄՆ Սենատում Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ Միացյալ Նահագների հանձնաժողովի հովանու ներքո: Քննարկման բանախոս ԵԱՀԿ-ն ներկայացնող ավագ խորհրդական Քիշան Մանոչը հնչեցրեց ԵԱՀԿ-ի անհանգստությունն այս առիթով:
«ԵԱՀԿ անդամ շատ երկրներ օգտագործում են անվտանգության փաստարկը մարդու կրոնական ազատության կամ համայնքների ազատ դավանանքի իրավունքների սահմանափակման համար»,- հայտարարեց ԵԱՀԿ-ի կրոնական ազատություների հարցով ավագ խորհրդական Քիշան Մանոչը
Այս խնդրի շուրջ ԵԱՀԿ անցած տարվա զեկույցը տալիս է կազմակերպության միանշանակ դիրքորոշումը՝ իր անդամ երկրների անվտանգության հարցերով մտահոգությունները չպետք է առիթ դառնան մարդկանց կրոնական ազատությունների սահմանափակման համար:
ԱՄՆ պետքարտուղարությունը ևս կիսում է այս մոտեցումը: Ավելին, քննարկմանն այս գերատեսչության ներկայացուցիչ Դուգլաս Փաթգեթը կոչ է անում բացառել կրոնական ազատության իրավունքների ու անվտանգության մտահոգությունների միջև հավասարակշռության պահպանման մոտեցումը:
«Այս իմաստով հավասարկշկության պահպանման մասին մոտեցումները ապակողմնորոշիչ են»,- ընդգծում է Փաթգեթը:
Նրա կարծիքով կրոնական ազատությունների պաշտպանությունը զգալիորեն նպաստում է կայուն անվտանգության ապահովմանը:
«Մենք ցանկանում ենք երկխոսել, թե ինչպես հասնել կայուն անվտանգությանը կրոնական և այլ ազատությունների ապահովմամբ և պաշտպանությամբ, այլ ոչ թե դրանց հավասարակշռության միջոցով անվտանգության մտահոգությունների հետ»,- նշում է նա:
Քննարկմանն անդրադարձ եղավ նաև կրթության ոլորտի ու կրոնական ազատությունների հիմնախնդիրներին: Միջոցառման բանախոս պրոֆեսոր Էլիզաբեթ Քլարկն անդրադարձավ նաև Հայաստանում վերջին շրջանում ծավալված Հայոց եկեղեցու պատմություն առարկայի՝ հանրային դպրոցներում դասավանդման հարցին: Բանախոսն ընդգծում է խտրականության բացառման կարևորությունը:
«Անկախ նրանից, թե ինչպիսի լուծում կտա համակարգն այս հարցին, կարևոր է, որ այն չունենա խտրականության հիմքեր: Հաճախ պետությունն անդրադառնում է հասարակությանն ամենամեծ խմբի կրթության ոլորտի կարիքներին՝ առանց հաշվի առնելու թե ինչպես է դա անդրադառնալու կրոնական փոքրամասնությունների վրա կամ ինչպես է պաշտպանելու կրոնական ազատությունները դպրոցներում»,-նշում է Քլարկը:
Բանախոսները վստահ են, որ ընդհանուր առմամբ կրթությունը մեծ դեր ունի անվտանգության հարցում, ուստի երկրները պետք է բացառեն կրոնական ծայրահեղականության ու խտրականության դրսևրումները կրթական ոլորտներում ու դասագրքերում: Որպես լավ օրինակներ այս առումով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հիշատակեց Իրաքի Քրդստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի օրինակները, որտեղ ծայրահեղականության ու խտրականության բառապաշարի վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել:
https://m.shamshyan.com/hy/article/2020/02/13/1147291/