Գործող օրենքով ոստիկանությունն այդ հնարավորությունը ստանում է միայն ԱԱԾ-ին դիմելուց հետո։ Օրինագծի հեղինակները իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն են։ Հատկանշական է՝ իշխանական պատգամավորների նախագծին դեմ է կառավարությունը։ Ազգային ժողովում արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հիմնավորել էր, թե ոստիկանության բարեփոխման գործընթացը դեռ չի ավարտվել, և այդ տեսանկյունից այն ռիսկային է։ Փոխնախարարը կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին։
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ էլ քննարկում էր Բանկային գաղտնիքի վերաբերյալ օրնագիծը։ Այն հնարավորություն կտա իրավապահ մարմիններին հայաստանյան բանկերից ստանալ ցանկացած մեկին վերաբերող տվյալներ: Գործող կարգի համաձայն՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություն իրավապահները կարող են ստանալ, եթե տվյալ անձը մեղադրյալ է կամ կասկածյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ այնպես չէ, որ օրենքով պահպանվող գաղտնիքները դառնում են հանրամատչելի կամ դատավարության ընթացքում քննիչը կամ դատախազը կարող են հասանելիություն ունենալ նման տեղեկությունների։
«Դրա համար ամրագրել ենք մի շարք երաշխքիներ. նախ պատճառաբանվածությանը միջնորդության ներկայացվող պահանջներն են ուժեղացվել, երկրորդը՝ սահմանվել է երաշխիք՝ դատախազական հսկողության արդյունավետ համակարգ, և ընդհուպ մինչև նման միջնորդություններին պետք է հավանություն տա գլխավոր դատախազը կամ վերջինիս տեղակալը, այսինքն՝ չի կարող դատարան ներկայացվել միջնորդություն առանց գլխավոր դատախազի և տեղակալի համաձայնության», - ասաց նախարարը:
Նախագծին իշխանական պատգամավորներն են կողմ, իսկ ընդդիմադիրները դրա ընդունման մեջ վտանգներ են տեսնում, մասնավորապես ներդրումների ոլորտի վրա։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը համոզված է՝ փոփոխությունը ներդրումների վրա կազդի. - «Փոփոխությամբ ի՞նչ մեսիջ ենք հղում, օրինակ, ներդրողներին, եթե սրա արդյունքում մեզ մոտ ներդրումային աուրան խաթարվի, որովհետև բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը նաև ներդրողների հետ ուղղակի առնչություն ունեցող կարգավորում է»:
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ է օրենքում ռիսկեր տեսնում. - «Յուրաքանչյուր գործընթաց, որը վերաբերում է այդ նուրբ սուբստանցին, նա պետք է հազար անգամ հաշվարկված լինի»:
Պետաիրավական հարցերի հանձաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ պարզաբանեց, որ այս փոփոխությամբ ոչ թե բանկային գաղտնիքն են վերացնում, այլ հակառակը՝ ապահովում են բանկային համակարգի հետագա առավել արդյունավետ զարգացումը. - «Բոլոր երկրները, առնվազն Եվրոպայի խորհրդի շրջանակներում այսօր փորձում են առավել թափանցիկ վերահսկողություն ապահովել բանկերի և ֆինանսավորման ոլորտում», - հայտարարեց նա:
Ազգային ժողովում բուռն քննարկումների առիթ դարձավ Երևանի քաղաքապետարանին «ԿամԱզ»-ներ նվիրելու փաստով քննիչ հանձնաժողովի կազմի հաստատումը։ Իշխանական խմբակցության պատգամավորները կողմ չեն հանձնաժողովի ձևավորմանը։ «Իմ քայլից» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հիմնավորեց, թե հանձնաժողովի ստեղծումը հակասում է օրենքին. հարցը չի մտնում Ազգային ժողովի իրավասության մեջ։ Էդմոն Մարուքյանն ասաց՝ եթե չհաստավի քննիչ հանձնաժողովի կազմը, ապա այն լուրջ հարված կհասցնի Հայաստանի ժողովրդավարությանը։
«Ես պաշտոնապես հիմա դիմում եմ տիկին Մակունցին՝ որպես քաղաքական մեծամասնության ղեկավար և հույս ունեմ, որ վարչապետն էլ է տեղյակ, թե դուք ինչ եք ուզում վաղն առավոտը անեք, և ԱԺ նախագահությանը, որ եթե վաղը դուք տապալեք քվեարկությամբ այս հանձնաժողովի կազմի որոշումը հաստատելու մասին որոշումը, այն կլինի մեծ հարված Հայաստանում պառլամենտական ժողովրդավարությանը», - հայտարարեց ԼՀԿ նախագահը:
«Բարգավաճ Հայաստանն» էլ է կողմ, որ հաստատվի հանձնաժողովի կազմը: Խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ մտահոգիչ հարցադրումներ ունի, որ չեն փարատվել. - «Ես խորհուրդ կտամ կամ կխնդրեմ իմ գործընկերներին ինձ ասել՝ հիմա ես ումի՞ց ստանամ այս հարցերի՝ «ԿամԱզ-գեյթ»-ի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները»:
«Լուսավոր Հայաստանում» կասկածներ ունեն՝ քաղաքապետարանը հնարավոր է աղբատարները նվեր է ստացել շինթույլտվությունների համար։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե իրենք կողմ են հանձնաժողովների ստեղծմանը, բայց պետք է նկատի ունենալ իրավական կազուսները։
«Այն, որ իրավունքի ուժող կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով, դա մեկ բան է, բայց միևնույն ժամանակ ՏԻՄ օրենքով սահմանված ու արձանագրված է, որ կան լիազորություններ, որտեղ մենք՝ որպես օրենսդիր մուտք չունենք», - ասաց նա:
Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելուն։
https://www.azatutyun.am/a/30389104.html