Նրանց նպատակը Նիկոլին տապալելն է. եթե նա տապալվի, Հայաստանը տապալված է. Շիրինյան
Tuesday, June 16, 2020«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
– Պարոն Շիրինյան, ԲՀԿ քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարության այս կազմով հնարավոր չէր նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել, և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Նա դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ միավորվելու հանուն մեր երկրի ապագայի։ Ինչի՞ մասին է Ծառուկյանի ելույթը։ Արդյոք միավորո՞ւմ է սպասվում՝ հաշվի առնելով վերջերս Միքայել Մինասյանի, Արթուր Վանեցյանի, ՀՅԴ-ի նմանատիպ կոչերը։
– Դեռ 5-6 ամիս առաջ ասել եմ կադրերի փոփոխության անհրաժեշտության մասին, և Ծառուկյանը ոչ մի նոր բան չի ասում։ Եվ առնվազն այն ժամանակ Ծառուկյանի քննադատությունը պետք է տեսնեինք և ոչ թե հիմա։ Իսկ նա դա չասաց, քանի որ իր համար իշխանության հետ խաղը բոլորովին ուրիշ է։ Կան սեփականության և դրա հետ կապված հարցեր։ Իսկ թե ինչու հիմա նա ակտիվացավ, առաջիկա մեկ ամսում կորոնավիրուսի գրոհի հետ միասին երեք գործոն է աշխատելու՝ մոտենում է կուլակաթափության օրենքի գործադրումը, երկրորդ՝ ինչքան էլ վատ կամ լավ օրենք է, այս «աշխուժությունը», որ սկսվել է նրանց կողմից, վարկաբեկում է պետությանն ու իշխանությանը։ Աշխուժացել է 5-րդ շարասյունը։ Հիմա նրանց աշխուժանալը կապված է սեփականության հարցի հետ։ Ինչի մասին է խոսքը, այդ մարդիկ ռուսական հետախուզական ծառայության մեդալներն են հպարտորեն գցում։
Երկրորդ՝ Քոչարյանի դատավարության ընթացքը խայտառակ ավարտ ունեցավ, Եվրոպայից ասացին շատ հստակ, որ այդ մարդը պետք է կանգնի դատարանի առաջ։ Իսկ եթե նա դատարան գնա, միայն Հայաստանում տասնյակ կուսակցություններ, օլիգարխներ, խմբեր կլինեն, որոնք դուրս են գալու ջրի երես, և որոնց ծպտունն այսօր դեռ դուրս չի գալիս։ Նրանց խնդիրը Փաշինյանին հեռացնելն է, որովհետև թեև նրանից ժողովուրդը նեղացել է, բայց վստահում է և գնալու է հետևից։ Եվ այդ բոլորը պատին դեմ առած, տագնապային իրավիճակ են առաջացնում։ Պետք է գործադրվի կուլակաթափման մասին օրենքը, իսկ այստեղ շատ-շատերը մտածելու բան ունեն, և երկրորդ՝ Քոչարյանի դատավարությունը չի կարող անվերջության վերածվել։
Կա երկրորդ մասը՝ Նիկոլ Փաշինյանը առանց դրանց շանտաժին ենթարկվելու հիմա գոնե կառավարությունը պետք է փոխի. այս պահանջը դեռ սեպտեմբերից որպես անհրաժեշտություն կախված է օդի մեջ։ Ուրեմն լավ նախարարներ կան, պետք է մնան, մյուսները պետք է փոխվեն, համալրվեն։ Պետք է գան պրոֆեսիոնալներ, երկրի ստրատեգիան պետք է հայտարարվի, որ դառնում է գիտաարդյունաբերական հայրենիք, պետություն, իսկ նշանակումները պետք է այդ ուղղությամբ լինեն։ Պետք է սառնասիրտ աշխատանք իրականացնել, նրանք մեծամասնություն են, և որևէ մեկն իրավունք չունի շանտաժ անելու նրանց։
– Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատերազմում իշխանության դեմ գործող ուժերը կամա թե ակամա դավաճանում են ազգին: Ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունը։
– Տեր-Պետրոսյանը ժողովրդի մեջ հակասական կերպար է, նրա ասածը հակառակն է մեկնաբանվում, մինչդեռ իմ ասածը քաղաքագիտական է և Հայաստան պետության շահերից բխող։
– Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։
-Ավտորիտար միտումները կառավարության մեջ պետք է ուժեղացվեն, որովհետև, կրկնում եմ, դեմոկրատական ընթացակարգով դեմոկրատիան տապալվում է, ժողովրդավարությունը հաստատվում է ավտորիտար մեթոդաբանությամբ։ Դրանից վախենալ պետք չէ։ Նրանց նպատակը Նիկոլին տապալելն է. եթե նա տապալվի, Հայաստանը տապալված է։ Պետք է Նիկոլը հենվի ժողովրդի վրա և անընդհատ բարեփոխումներ անի։ Ժողովուրդն իրեն հավատում է և հիմա էլ պետք է տեսնի իր՝ փոփոխությունների բերող քայլերը։ Ուրիշ դաշնակից Նիկոլը չունի, բոլորը թշնամի են։ Ժողովուրդը հեղափոխությունը արել է, ժողովուրդն էլ հեղափոխության տերն է։
https://www.1in.am/2766599.html