Նուբար Աֆեյանի ղեկավարած ընկերությունը հաջողության է հասել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձերի առաջին փուլում
Tuesday, May 19, 2020ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում գործող «Մոդերնա թերափեութիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, հայտարարում է, որ կորոնավիրուսի դեմ իր կողմից ստեղծված փորձնական պատվաստանյութը տալիս է հուսադրող արդյունք:
2011 թվականին հիմնադրված այս ընկերությունը, որի նաեւ տնօրենների խորհրդի նախագահն է Աֆեյանը, հանդես է եկել հայտարարությամբ, որ պատվաստանյութը առողջ, միջին տարիքի 8 կամավորների նկատմամբ անցկացված փորձերի արդյունքում ցույց է տվել, որ զարկ է տալիս օրգանիզմում իմունային համակարգին:
Փորձնական պատվաստանյութն առաջացնում է այնպիսի հակամարմիններ, որոնք նկատվում են կովիդ 19 հիվանդությունից բուժված անձանց մոտ:
Ասենք, որ փորձերի առաջին փուլում մասնակիցներին տրվել են երեք տարբեր չափաբաժիններ, որից հետո՛ընկերությունը եկել է այն եզրահանգման, որ չափաբաժնի աճին համապատասխան, մեծանում են օրգանիզմում իմունոգենային հատկությունները, այսինքն` մարմնում իմունային հակազդեցություն առաջ բերելու կարողությունները:
Ինչպես պատվաստանյութը ստեղծած ընկերության պատասխանատուներն են ասում, mRNA-1273, թարգմանաբար` մՌՆԹ-1273 անվանումը կրող պատվաստանյութը փորձերի վաղ շրջանում ապացուցել է, որ ընդհանուր առմամբ անվտանգ է եւ հեշտությամբ է ընդունվում մարդու օրգանիզմի կողմից:
Ասենք, որ Նուբար Աֆեյանի ղեկավարած ընկերությունն առաջնորդում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համաշխարհային ջանքերում, եւ անցյալ շաբաթ է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության կողմից ստացել է աշխատանքներին զարկ տալու առաջարկ:
Հետազոտությունն անցկացվում է ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատությունների հովանավորությամբ: Փորձերի հաջորդ փուլի ժամանակ գիտնականները փորձելու են պարզել պատվաստանյութի ամենաճիշտ չափաբաժինը: Փորձերի այդ փուլը սկսվելու է հուլիս ամսին:
https://www.amerikayidzayn.com/a/5426296.html