Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորի հետ
Monday, February 18, 2019Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Վարչապետը շնորհավորել է պարոն Էնգելին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ և նրան մաղթել կուսակցական բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու, ինչպես նաև Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող թեմաների:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:
https://www.azatutyun.am/a/29777151.html