Ըստ Զոհրաբ Մնացականյանի, պետք է ուշադրություն դարձնել ոչ թե բառակապակցություններին, այլ էությանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսին Փաշինյանը խոսել էր ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի մասին․ - «Ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ, համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է: Եվ միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը»:
Լրագրողների համառ հարցերին, թե որոնք են հակամարտության կողմերը, Մնացականյանն արձագանքեց․ - «Դուք, խնդրում եմ, ավելի ուշադրություն դարձրեք էությանը: Որովհետև, եթե բառակապակցություններին եք կպնում․․․ Պարոն Փաշինյանը ասել է այն, ինչ ոչ ասել է․․․ Կա երեք կողմ: Հայաստանը ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, Հայաստանը շարունակելու այդ ամենը անել»:
Անցած շաբաթ Ադրբեջանի արտգործանախարությունը արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր կառավարությունը չի կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Պաշտոնական Բաքուն Փաշինյանի այդ տրամաբանությունը անհասկանալի էր որակել՝ պնդելով, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:
«Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում», - ընդգծել էր Ադրբեջանի արտոգրծանախարարությունը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ի պատասխան այս հայտարարության, շեշտեց, որ Հայաստանը շարունակում է իր աշխատանքները:
Հարցին, թե երբ է նախատեսվում Իլհամ Ալիև - Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը, Զոհրաբ Մնացականյանը կարճ արձագանեց՝ պաշտոնական հանդիպման համար չշտապենք․ - «Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք կառուցել էս գործընթացը այնպես, որ մենք հույս ունենանք, որ կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերը նշանակություն ունեն, բայց առաջնայինը՝ վստահ լինել, որ հաջորդ քայլը նախապատրաստես այնպես, որպեսզի մենք դինամիկան կարողանանք պահպանել»:
«Ազատության» հարցին, թե պահպանվում է արդյոք այդ կառուցողական մթնոլորտը, արտգործնախարարը պատասխանեց․ - «Հուսով եմ, որ չեմ սխալվում, որ այո»:
Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանն այսօր խորհրդարան էր եկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավերով: Մոտ երկու ժամ քննարկվել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված հարցեր:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փակագծեր չբացեց, սակայն շեշտեց, որ նախարարին նաև հարց են ուղղել՝ կապված Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե ղարաբաղյան հակամարտությունը ունի 3 կողմ:
«Հարցը հնչել է, հարցին պատասխանել է», - ասաց Մարությանը: - «Վարչապետը ինչ որ նկատի ունի, պետք է հարցնել վարչապետին: Նախարարի ասածն եմ ասում: Դա պետք է ընկալել հետևյալ կերպ, որ Հայաստանը ունի իր մասը հակամարտության մեջ, այդ մասը անվտանգության երաշխավորը լինելն է»:
«Ազատության» հարցին, թե ստացան արդյոք իրենց հարցի պատասխանը, թե ինչով է պայմանավորված ղարաբաղյան խնդրի շուրջ ակտիվությունը, Մարուքյանը պատասխանեց․ - «Թե ինչ է տեղի ունենում և ինչ քննարկումներ կան, էդ հարցերի պատասխանները ստացանք: Իսկ թե ինչու է ակտիվ, մենք նման հարց չունենք: Որովհետև պարզ ա, որ պետք է ակտիվ լինի, որովհետև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, պառլամենտական ընտրություններից հետո չէր կարող այս հարցը քննարկման առարկա չլինել: Ես միշտ ասել եմ, որ շփումներն ավելի լավ են, քան իրար վրա կրակելը»: