Մեքսիկան փորձում է կասեցնել ամերիկյան սակագները՝ միգրանտների խնդիրը լուծելու եղանակով
Wednesday, June 5, 2019Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարչելո Էբրանդն ասում է, թե իր երկիրը պատրաստ է Թրամփի վարչակազմի հետ բանակցել միգրացիայի եւ սակագների շուրջ։ Նա հույս ունի, որ վարչակազմը կընդունի իրենց ծրագիրը եւ հայտարարում է, թե իր երկիրն արդեն ահագին աշխատանք է ծավալել միգրանտների հետ կապված խնդիրը, ԱՄՆ-ի սահմանին առկա ճգնաժամը լուծելու ուղղությամբ։
Ինչպես Մեքսիկայի գյուղատնտեսության նախարար Վիկտոր Վիյալոբոսն է ասում, երկու երկրների միջեւ առեւտրի օրական ծավալը կազմում է 13Օ միլիոն դոլար։ ՝՝Եվ եթե ամերիկյան կողմից սահմանվի 5 տոկոսի սակագին, օրական առեւտրի ծավալները կկրճատվեն մոտ 4 միլիոն դոլարով՛՛, ասում է նա։
Արտգործնախարարն էլ շեշտում է ԱՄՆ-ում ու Մեքսիկայում բիզնեսի ճյուղի շահերը։ Նրա խոսքերով, այս օրերին էլ հանդիպումներ են անցկացվում ԱՄՆ-ի առեւտրի պալատի ու մասնավոր ճյուղի այլ ներկայացուցիչների հետ, քանի որ նման սակագների առնչությամբ մտահոգությունները շատ մեծ են։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը նորից էր նախազգուշացրել, որ ինքը սակագներ կսահմանի, եթե Մեքսիկան քայլեր չիրականացնի միգրանտների հոսքը կանգնեցնելու ուղղությամբ։
՝՝Ավելի հավանական է, որ սակագները մտնեն ուժի մեջ, եւ մեր միջեւ բանակցությունները սկսվեն սակագների կիրառման պայմաններում։ Իսկ այդ պայմաններում համաձայնությունն ավելի արդյունավետ կլինի՛՛, ասել է Թրամփը։
Մեքսիկայի մի պատվիրակություն է շուտով ժամանելու Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու համար ամերիկյան կողմի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, երբ սակագներն ուժի մեջ մտնելու վերջնաժամկետն ավարտվում է եկող երկուշաբթի օրը։
https://www.amerikayidzayn.com/a/4947115.html