ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ
Thursday, May 30, 2019Մայիսի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Նյու Յորքում հանդիպել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:
Կողմերն անդրադարձել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի ու վերջինիս գրասենյակի հետ Հայաստանի ակտիվ համագործակցությանը եւ համատեղ իրականացվող նախաձեռնություններին: Հիշատակվել է 2018թ. դեկտեմբերի 9-11-ը Հայաստանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որը կազմակերպվել էր Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի հետ համատեղ եւ հատուկ խորհրդական Ադամա Դիենգի մասնակցությամբ:
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու կոնվենցիայի իրազեկման բարձրացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին» Հայաստանի կողմից ՄԱԿ-ում նախաձեռնված բանաձեւին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի կողմից ընդգծվել է ժխտողականության դեմ պայքարելու եւ ցեղասպանության զոհերի հիշատակն ու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունները դատապարտելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխարգելու համատեքստում:
https://m.shamshyan.com/hy/article/2019/05/30/1126134/