ՀՀ նախագահը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ
Monday, January 20, 2020Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ: Այն կազմակերպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը շնորհավորել է Հայաստանի նախագահին և ժողովրդին 2019 թվականի հաջողությունների համար և նշել, որ նախագահ Սարգսյանի ներկայությունը միջոցառմանը մեծ նշանակություն ունի համայնքի և առևտրի պալատի անդամների համար:
«Վերջին վեց ամիսների ընթացքում պատիվ եմ ունեցել արդեն չորրորդ անգամ հանդիպել Հայաստանի նախագահին,- իր խոսքում նշել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը։- Նրա տեսլականի, ծրագրերի, իմաստուն մտքերի մասին լսել եմ ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող հանդիպումների կամ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում, այլ նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը, որը տեղի ունեցավ անցյալ տարի: Այդ քննարկման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք լսել նախագահի տեսակետները համաշխարհային խնդիրների, դրանց լուծման վերաբերյալ, մասնավորապես՝ զարգացող երկրների համատեքստում, ինչպես նաև նրա առաջնորդող մտքերը ՄԱԿ-ի Առեւտրի և զարգացման համաժողովի ապագա դերի մասին»:
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրենը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույցը կազմելն իրենց վստահելու համար։ Նա նշել է, որ այն կօգնի Հայաստանին բարելավել ներդրումային միջավայրը և համաշխարհային մրցունակ դաշտում լինել առաջնագծում: «Հայաստանում զգալի փոփոխություններ կլինեն, եթե ղեկավարությունը որդեգրի երկիրը տարածաշրջանի համար բիզնեսի հանգույց դարձնելու տեսլականը, ինչպես նաև առաջընթաց գրանցի ՏՏ և արհեստական բանականության ոլորտում՝ լինելով համաշխարհային շղթայի մասնիկ,-ասել է նա։- Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանում ագրոբիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում։ Տեսնելով այդ ներուժը՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը շարունակելու է աջակցել Հայաստանին՝ բարելավել երկրի ներդրումային միջավայրը»:
Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ջեյմս Ժանին՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կատարած աշխատանքի համար՝ անդրադառնալով նաև դրա նախապատմությանը․ «Մեկ տարի առաջ, երբ ես Ժնևում էի, խնդրեցի զեկույց պատրաստել Հայաստանի մասին՝ ինչպիսի՞ն են Հայաստանում ներդրումների մարտահրավերները, Հայաստանի ո՞ր ոլորտում է առկա ներուժ։ Նրանք հիանալի աշխատանք կատարեցին։ Նախ հանդես եկան հետաքրքիր գաղափարներով՝ հիմնված ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի և արտերկրի ներդրումային հանրության դիտարկումների վրա։ Սա հակիրճ զեկույց է, սակայն՝ համապարփակ։ Եվ Հայաստանի համար նրանք այս աշխատանքը կատարել են անվճար, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ մարտի սկզբին Հայաստանում տեսնել գործընկերների այլ երկրներից՝ տարբեր երկրների առաջնորդների, երբ մենք կքննարկենք ՄԱԿ-ի այս կազմակերպության ապագան։ Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել այդ կազմակերպության Նշանավոր անձանց խումբը»:
Ինչ վերաբերում է առկա մարտահրավերներին, նախագահ Սարգսյանը դրանց անդրադառնալով՝ մասնավորապես ասել է․ «Բոլորին է հայտնի, որ մարտահրավերները ձեռքբերումներից շատ են։ Իմ ընկալմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է ստեղծել մշակույթ, երբ մարդիկ պետք է անհանդուրժող լինեն կոռուպցիայի հանդեպ։ Դա պետք է դառնա մեր մշակույթի մի մասը, ինչպես մշակույթի մաս է դարձել եվրոպական մի շարք երկրներում՝ ներառյալ Շվեյցարիան։ Ուստի, դրան հասնելու համար որոշակի գործընթացների միջով պետք է անցնել՝ փոխելով իրավական համակարգը։ Դա շատ մեծ մարտահրավեր է»։ Որպես մեկ այլ մարտահրավեր՝ նախագահ Սարգսյանը նշել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը։ «Այն պահին, երբ սկսում ես պայքարը կոռուպցիայի դեմ, պետք է սկսել անցումն օլիգարխիկ տնտեսությունից շատ ավելի բաց հասարակություն, - ասել է նախագահը։ - Այժմ մարդիկ քաղաքականապես ավելի բաց են, քան երկու տարի առաջ։ Հայաստանում ստեղծվեց մի հասարակություն, երբ երիտասարդները սկսեցին երազել և ունենալ մեծ երազանքներ, որ իրենք կարող են ստարտափեր ունենալ, լինել հաջողակ»: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ աշխարհը գտնվում է խաչմերուկում։ «Ես կարծում եմ, որ շատ քաղաքական գործիչներ և գործարարներ հուսահատվում են, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ է կատարվում, չեն կարող կանխատեսումներ անել,- նշել է Հայաստանի նախագահը։- Նրանք չեն կարող կանխատեսել, թե ինչ է կատարվելու, այս կամ այն քաղաքական գործիչն ինչ է հայտարարելու, ինչպես են շուկաներն արձագանքելու դրան։
Ի՞նչ է կատարվում։ Այս հարցն այսօր շատ պատասխաններ չունի։ Աշխարհի կանխատեսելիությունը կտրուկ նվազել է։ Սակայն կան վերլուծաբաններ և փիլիսոփաներ, որոնք այս իրավիճակը դրական են գնահատում, քանի որ մենք չգիտենք՝ ի՞նչ անել, չգիտենք՝ ի՞նչ ուղղությամբ ենք առաջ գնալու, համաշխարհային տնտեսության համար չկան կայունության սյուներ։
Ես միշտ կարծել եմ, որ անորոշությունը ծնում է հնարավորություն։ Եթե չկա կանխատեսելիություն, սակայն դու ունես ճիշտ զգացողություն և ճիշտ ես կանխատեսել, ուրեմն դու շահած ես դուրս գալիս։ Եվ անորոշության միջավայրում Հայաստանի ապագայի ուղին զարգացումն է։ Հաջողության հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ջանասիրաբար աշխատել զարգացման ուղղությամբ և օգտագործել այդ հնարավորությունը, քանի որ քաղաքական և տնտեսական առումով մենք ոչ միայն չենք կարող շատ բան կանխատեսել, այլև մենք տեխնոլոգիական մեծ փոփոխության խաչմերուկում ենք, որը մարդիկ կոչում են չորրորդ արդյունաբերական հեղափոխություն։ Ես այլ բնորոշում ունեմ, որը մի քանի անգամ կիրառել եմ՝ քաղաքական կամ արագընթաց հեղափոխություն։ Սա նախորդ հեղափոխությունների նման հերթական հեղափոխություն չէ, որը կբացահայտի, թե փայտը վառելով կարելի է էներգիա ստանալ, կամ որքան օգտակար կարող են լինել համակարգիչները: Մենք մշտական հեղափոխությունների եզրին ենք, քանի որ մենք բացահայտել ենք՝ ինչքան հզոր կարող է լինել փոքրը։ Մենք բացահայտել ենք՝ որքան հզոր կարող է լինել մաթեմատիկական ծրագիրը, մաթեմատիկական մոդելավորումը՝ արհեստական բանականության ձևով։ Մենք նոր դարաշրջանում ենք։ Մենք գործ ունենք ապագա տանող «նոր դռների հետ»։ Երբ կա նոր մեկնարկ, բոլորը հավասար են՝ ամենաաղքատները, ամենահարուստները, ամենաուժեղները և ամենաթույլերը։ Այստեղ ես առավելություն եմ տեսնում մեր ազգի համար։ Այս նոր աշխարհում իմաստալից է այն, ինչ կոչվում է կապվածություն։ Սա մեր մարդկային բնության մեջ է։ Երբ մենք ծնվում ենք, չենք ունենում կապվածության գործիքներ։ Մենք կապվում ենք աշխարհին մեր մայրիկի միջոցով։ Սակայն այժմ կապվածությունը ևս փոփոխվում է։ Օրինակ՝ իմ երկամյա թոռնիկը, ինչպես նաև մյուս թոռնիկները ինչ-որ չափով արդեն իսկ ապրում են վիրտուալ տիրույթում, քանի որ նրանց բացահայտած առաջին գործիքներից է եղել գաջեթը։
Վաղը բոլորն ապրելու են երկու կյանքով՝ լույսի արագությամբ հաղորդակցություն ապահովող վիրտուալ կյանքով և նյութական: Մենք մի ազգ ենք, որը համաշխարհային է և փոխկապակցված: Ձեզ կզարմացնեն տվյալները, թե Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում կամ այլ վայրում ապրող ինչքան շատ հայեր ինտերներտի միջոցով հետաքրքրվում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով, նրանք նաև մեծ ազդեցություն ունեն երկրի վրա, ինտերնետում ներկայացնում են իրենց գաղափարները, թե ինչպես պետք է կառավարել երկիրը, որն է ճիշտ կամ սխալ: Հայաստանը նրանց ասում է, որ ժամանակն է գալ հայրենիք: Արհեստական բանականությունը գուցե աշխարհասփյուռ հայերին լավ հնարավորություն է ընձեռում՝ միմյանց հետ կապ պահպանելու համար: Այդպիսով, Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի մեծ առավելություն՝ լինելով աշխարհում ամենափոխկապակցված ազգերից մեկը:
Հավատում եմ, որ արագ զարգացող 21-րդ դարում փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հզոր լինել: Կան շատ օրինակներ: Ես այստեղ եմ եկել Աբու Դաբիից, որտեղ մասնակցում էի «Կայունության շաբաթին»: Այդ երկիրը տպավորիչ է, այն փոքր է, բայց հզոր: Դրանից առաջ ես Դոհայում էի, որը ևս փոքր ու հզոր է: Այստեղից գնալու եմ Իսրայել, որը փոքր և հզոր է: Աբու Դաբիում ես հանդիպում և քննարկում ունեցա Ռուանդայի նախագահի հետ․ կրկին փոքր, բայց հզորացող երկիր է»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենը կազմակերպվածության, ճիշտ տեսլական ունենալու մասին է խոսում: «Դու պետք է գտնես քո ճանապարհը, թե ինչն ես ցանկանում հիմնովին բարեփոխել քո երկրում, գտնես հաջողության տանելու ուղիները,- ասել է նա: - Հայաստանը պետք է զարգացնի բոլոր ոլորտները, զբոսաշրջությունը, հյուրանոցները, արդյունաբերությունը, բանկային համակարգը, որը Հայաստանում լավ զարգացած է: Այս բոլոր ոլորտները փոխկապակցված են, քանի որ եթե դու զարգացնես ենթակառուցվածքները, ավելի շատ զբոսաշրջիկներ կայցելեն, եթե ավելի շատ զբոսաշրջիկ գա, ապա կունենաս անշարժ գույքի շուկայի զարգացում, սա կհանգեցնի բանկային համակարգի զարգացման և այլն:
Մենք պետք է կանգնենք մեր ոտքերի վրա և հոգ տանենք մեր բնության մասին: Բնությունը չի սահմանափակվում միայն այն տարածքով, որտեղ մենք ապրում ենք: Ես ներկայացնում ոչ թե մի երկիր, որը հարուստ է գազով, նավթով, այլ՝ մի երկիր, որը շատ հարուստ է ջրով: Մենք արևային էներգիայի ավելի արդյունավետ օգտագործման ճանապարհներ ենք փնտրում: Հպարտ եմ նշել, որ անցյալ տարվա մեր ջանքների շնորհիվ պատրաստվում ենք 400 ՄԳՎ արևային կայաններ կառուցել Հայաստանում։ Կառուցելու է «Մասդար» ընկերությունը: Սա առաջին քայլն է, իսկ մենք կարող ենք անել ավելին: Հայաստանն արտադրում է 6 անգամ ավելի շատ ջուր, քան մենք օգտագործում ենք: Շատերն այս հարցում մեզ նախանձում են: Ջուրը շատ ավելի թանկ է, քան նավթը: Ապագայում ո՞վ է ավելի հզոր լինելու՝ մեկը, որը կունենա բնություն, մաքուր օդ, մաքուր ջուր, լեռներ, սնունդ և ապրելակե՞րպ, թե մե՞կը, որը նունիսկ չի կարողանա օգտագործել մաքուր բնության հիմքը և չի կարողանա կանխատեսել ապագան: Մենք պետք է ներդրում կատարենք բնության, մաքուր ջրի, մաքուր սննդի ոլորտներում: Սա պետք է դառնա Հայաստանի այցեքարտը, լոգոն:
Պե՞տք է արդյոք, մեծ գումարներ ծախսել մեր լոգոն գտնելու համար: Կարծում եմ՝ ոչ: Բոլորդ կհամաձայնեք, որ կարող ենք Հայաստանը ներկայացնել ոչ միայն աշխարհում ամենալավ ջրի, այլ նաև այն ամենի հայրենիք, ինչը մաքուր և օրգանական է: Սա պետք է լինի մեր լոգոն, որը մենք կօգտագործենք՝ հայկական լոլիկը, վարունգը, ծիրանը վաճառելիս: Հայաստանը պետք է դառնա մի վայր, որտեղ ապրելով դու առողջ կլինես, քանի որ այնտեղ կա առողջ սնունդ, մաքուր օդ և առողջ ապրելակերպ: Սրանք են հիմքերը: Մենք պետք է մտածենք ապագայի մասին»:
Նշելով, որ ապագան արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաներն են՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքսում ներկայացրել է իր նախագահական նախաձեռնությունը, որը կոչվում է АТОМ (Advanced Tomorrow): «Այն բաղկացած է լինելու երեք մասից, որից մեկը կլինի ապագայի «Դիսնեյ լենդը»,-մանրամասնել է նախագահը:- Եթե ցանկանում ենք Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, պետք է այնպես անել, որ նրանք գան ապագան տեսնելու: Այդ վայրն ունենալու է նաև Վաղվա թանգարան, որտեղ կկարողանանք տեսնել, թե ինչպիսին է լինելու վաղը: Երկրորդ մասը գիտական, բիզնես հարթակ է, որտեղ մենք ունենալու ենք միջազգային մեծ ընկերություններ, որոնք հետազոտություններ կիրականացնեն մաթեմատիկական մոդելավորման և արհեստական բանականության ոլորտներում: Կլինեն մեծ ընկերություններ ոչ միայն Եվրոպայից, այլ նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հնդկաստանից և Չինաստանից: Երրորդ մասը լինելու է կրթական հատվածը:
Քաղաքական ոլորտում, որպես նախագահական նախաձեռնություն, ես աշխատում եմ փոքր, բայց հաջողակ երկրների համագործակցություն ստեղծելու ուղղությամբ, այն երկրների, որոնք փոքր են, բայց մեծ հաջողություններ են գրանցել, ճիշտ բարեփոխումներ են կատարել: Հաջողության սահմանումը միշտ բարդ է եղել: Սա չի լինելու մեկ այլ G7, G20: Սա լինելու է ակումբ, որտեղ մենք կհավաքվենք և կկարողանանք կիսվել մեր գաղափարներով, թե ինչպես է հնարավոր հասնել հաջողության՝ լինելով փոքր, բայց հաջողակ և հզոր:Ես հավատում եմ, որ եթե ունենանք տեսլական, ռազմավարություն, ծրագիր և բոլորս միասին ջանասիրաբար, ձեռք ձեռքի տված աշխատենք, մեր ազգը և պետությունը կզարգանան»:
Դիմելով մեր հայրենակիցներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Հայաստանը յուրաքանչյուրիս տունն է։ Մեզնից ոմանք մեր ամբողջ կյանքը ապրում ենք Հայաստանում, ոմանք՝ ժամանակավորապես այլ վայրում, բայց, միևնույն է, ձեր սիրտը, ինչպես, Վիլիամ Սարոյանն է ասել, լեռներում է, հայրենիքում: Ձեր միտքը, ձեր դրամը, դուք ֆիզիկապես այստեղ եք, բայց ձեր սիրտը, հոգին՝ Հայրենիքում: Դուք այս երկրի լավ քաղաքացիներն եք, և ես համոզված եմ, որ դուք լավ քաղաքացիներ կլինեք նաև Հայաստանում»:
https://armenpress.am/arm/news/1002005.html