Հայտնաբերվել են Սյունիքում ձնահյուսի տակ մնացած 4 զինծառայողներից 3-ի դիերը, մեկի վիճակը բավարար է
Friday, February 7, 2020ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում շարքային Կարապետ Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
https://armenpress.am/arm/news/1004150.html