Հակառակորդը որդեգրել է բնակավայրերում դրոշներով լուսանկարվելու քաղաքականություն
Tuesday, October 13, 2020ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի Զինված ուժերի` վերջին մի քանի օրվա ընթացքում որդեգրած քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանը նշեց, որ այդ քաղաքականությունը ձևավորվել է պատերազմում ռազմական էական հաջողություններ չունենալուց հետո:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` հեռախոսախցիկներին գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել, տեղեկատվական ակցիաներ իրականացնել, տարբեր շենքերի վրա դրոշներ պարզելով նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն իրենց, հետո նաև մեր հասարակության վրա: Խնդիրը հետևյալն է` արդեն երկարաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, կոտրելով սեփական զինված ուժերի մեծ ներուժը, հարձակողական մարտերում մեծ, էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով, Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկություններով»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի երեք-չորս բանակային կորպուսին հաջողվել է մեկ գնդի առջև առկա խնդրի չափով առաջխաղացում ունենալ:
«14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջ առկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական երեք-չորս բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն: Ցանկացած օտարազգի ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը: Դրանից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ ու ներկայացնեն դրանք որպես բնակավայրի գյուղապետարան կամ քաղաքապետարան»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։
Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը: