Հակառակորդը կրակոցներ է արձակել Ստեփանակերտի բնակելի տան և Շոշ, Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ
Wednesday, April 21, 2021Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել:
Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:
Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:
Կարինե Մունչյանը պատմեց, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է:
Ընտանիքը մինչ պատերազմն ապրում էր Շուշիում: Պատերազմից հետո նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտ՝ վարձով ապրելու: 4 օր առաջ էլ նախկին հասցեից տեղափոխվել են Վաղարշյան փողոցի վրա գտնվող տուն:
Երեխաները՝ Արմենն ու Աշոտը, այդ ժամանակ տանն են եղել: Աշոտն ասում է, որ հայրն ասել է՝ հակառակորդը կրակել է АК տեսակի զենքից:
Կարինեի խոսքով` ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին, վերջիններս իրենց հետ տարել են նաև փամփուշտը:
Այցելեցինք նաև Շոշ գյուղ, գյուղապետ Էրիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկ` ժամը 15:00-ի սահմաններում, երկու գյուղերում՝ Մխիթարաշեն ու Շոշ, կրակոցներ են լսվել մոտ 15-20 րոպե տևողությամբ:
Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ստեփանակերտի Վաղարշյան հասցեի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքով տարվում է քննություն, այցելել են ոստիկանության ու ԱԻՊԾ աշխատակիցները:
Շոշ և Մխիթարաշեն գյուղերի ուղղություններով արձակված կրակոցների վերաբերյալ քննություն չի տարվել, բայց բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների հիման վրա հնարավոր է, որ իրականացվի: Նրա խոսքով, վաղը՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ:
https://hetq.am/hy/article/129927?fbclid=IwAR26QoXS9LMxtNWSKA1vWkUELZsWK1ORaRN93AbV8cGnUZ5zr6PLRTUmbg0