Կորոնավիրուսի պատճառով տանը մնալու առավելությունները
Monday, March 23, 2020Կորոնավիրուսի պատճառով տանը մնալու արդյունքում մարդիկ հարմարվում են կյանքի նոր ոճին: Եթե փակ են ռեստորանները, թանգարանները, թատրոններն ու կինոթատրոնները, ինչպես նաեւ զվարճանքի մյուս վայրերը, ուրեմն պետք է գտնել զբաղմունքի այլ ձեւեր:
Մարդիկ առաջին խուճապից հետո որոշել են կատարել ավելի զուսպ գնումներ, որպեսզի նույն ապրանքը հասանելի լինի նաեւ մյուսներին: Բացի այդ, նրանցից շատերը կուտակել են այնքան, որ կարող են առեւտուր չանել մոտ երկու կամ չորս շաբաթ:
Շատերը, տանն ազատ մնալու դեպքում չձանձրանալու համար կարեւոր են համարում ալկոհոլային խմիչքները: ‘’Ի՞նչ կլինի, եթե բոլորս հայտնվենք կարանտինի մեջ: Առանց ալկոհոլի ի՞նչ ենք անելու’’, կիսակատակ ասում են մարդիկ, որոնք լսել են, որ Փենսիլվանիա նահանգում փակ են նաեւ ալկոհոլային խմիչքներ վաճառող մասնագիտացված խանութները:
Իսկ նրանք, ում պատկանող խանութները դեռեւս բաց են, ուրախ են, որ վաճառքը գերազանցել է բոլոր սպասումները: Չէ որ տնից աշխատելու դեպքում մարդիկ ունեն ավելի շատ ժամանակ ու ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու անհրաժեշտություն, ասում է Wine & Spirits խանութի սեփականատերը:
Շատերն էլ ազատ ժամանակ ասելով, հասկանում են ընտանիքի հետ ավելի մոտ լինելու հանգամանքը: Կամ ընտանիքով գնում են դուրս զբոսնելու, կամ ընտանիքով մնում են տանը` իրար հետ շփումն ավելի սերտացնելով: Ոմանց էլ հաճույք է պատճառում իրենց տան կենդանիների հետ ավելի երկար զբաղվելու հանգամանքը: Իսկ նրանք, ովքեր աշխատանքի բերումով չեն ունեցել խոհանոցում զբաղվելու բավարար ժամանակ, հիմա զգում են, թե որքան մեծ ու հաճելի զբաղմունք կարող էր այն լինել ավելի երկար ազատ ժամանակ ունենալու պարագայում:
Այսինքն` չկա չարիք, առանց բարիքի: Միգուցե մարդիկ հիմա ավելի լավ գնահատեն ազատ լինելու կարեւորությունը, ավելի լավ զգան ընտանիքի հետ ավելի երկար ժամանակ անցկացնելու համը եւ ավելի գնահատեն այն ինչը կա ու չի օգտագործվում եւ ըմբռնեն, որ կորոնավիրուսին պարտության մատնելուց հետո հարկավոր չէ մոռանալ այս ամենի մասին:
https://www.amerikayidzayn.com/a/5341797.html