Կորոնավիրուսի երկրորդ ալիքը պատում է Եվրոպան․ ցուցանիշները մտահոգիչ են
Friday, September 25, 2020Ամբողջ աշխարհում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն ավելի քան 32 միլիոն 400 հազար է։ Եվրոպան պատել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը։
ԵՄ առողջապահության հարցերի հանձնակատարը հայտնել է, որ եվրոպական երկրները գտնվում են նոր համազգային լոքդաունների սահմանին, իսկ գարնանը գրանցված առավելագույն ցուցանիշներին վերադարձի հավանականությունը չափազանց բարձր է։
Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության շուրջ 6․634 դեպք՝ 500 դեպքով ավելի, քան նախորդ օրը, գրում է dailymail.co-ն։
Ֆրանսիայում նոր հակառեկորդ է գրանցվել՝ մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է շուրջ 16 հազարով։ Երկրի վարչապետն իրավիճակն անվանել է արտակարգ։ Իրավիճակի վրա ազդել փորձում են սահմանափակումներով, դեռևս՝ բավական մեղմ։
Մարսելում, որտեղ իրավիճակն ամենածանրն է, վաղվանից փակվում են բոլոր բարերն ու ռեստորանները, իսկ մյուս խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Փարիզը, Լիոնն ու Բորդոն, արգելված է հավաքվել 10 հոգուց ավելի խմբերով։ Իսկ ահա Իսրայելում անցել են ծայրահեղ քայլերի։
Այսօրվանից այնտեղ երկշաբաթյա կարանտին է հայտարարվել։
Բնակիչներին արգելվում է բնակության վայրից 1 կմ-ից ավելի շառավղով հեռանալ, գործում են միայն մթերային խանութներն ու դեղատները։
Ռուսաստանում էլ, կորոնավիրուսի տարածման ցուցանիշի աճի հետ մեկտեղ, նոր խստացումներ են սահմանվում։ Սեպտեմբերի 28-ից 65 տարեկանից բարձր տարիք ունեցող մոսկվացիներին ու քրոնիկական հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում, առանց խիստ անհրաժեշտության, տանից դուրս չգալ։
© factor.am