Կովիդ 19. Հիվանդության 697244 դեպք`ամբողջ աշխարհում
Tuesday, March 31, 2020Կովիդ 19 հիվանդությամբ վարակված անձանց թիվն աշխարհում հասել է 697,244-ի: Հիվանդությունից մինչ այժմ մահացել է 33,257 մարդ: Հիվանդությունը տարածված է աշխարհի 203 երկրներում ու տարածքներում: Այս մասին է տեղեկացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Եվրոպայում գրանցված է հիվանդության մոտ 400 հազար դեպք: Նրանցից 100 հազարը գտնվում են Իտալիայում, որտեղ մահացությունների թիվը հասել է 11,591-ի: Իտալիայում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում մոտ 4000 հիվանդ:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներից 8,358-ը բուժաշխատողներ են, որոնցից մահացել են 63-ը:
Իսպանիայում եւս, կորոնավիրուսի նոր դեպքերը հայտնաբերվում են հազարներով, երկիր, որտեղ վիրուսը կրող անձանց թիվը հասել է մոտ 86 հազարի: Ամենաշատը տուժել են մայրաքաղաք Մադրիդն ու Կատալոնիայի մարզը: Մադրիդում մահացել է 3,392, Կատալոնիայում`1,410 հիվանդ:
Ֆրանսիայում վարակակիրների թիվը հասել է 44,550-ի: Այստեղ մահացել է 3,024 մարդ:
Գերմանիայում կովիդ հիվանդությամբ տառապում է 57 300 մարդ:
Մեծ Բրիտանիայում կովիդ 19-ի 22,141 դեպք է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն այստեղ ավելացել է 2619 –ով:
Կառավարությունն այստեղ 75 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացնում, չարթերային ուղիներով իր քաղաքացիներին այլ երկրներից երկիր վերադարձնելու համար:
ԱՄՆ-ում երկուշաբթի օրվա տվյալներով կա 160 հազար 200 վարակակիր: Գրանցվել է հիվանդությունից 2955 մահացություն: Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում կառուցվել է բժշկական վրանային ժամանակավոր կլինիկա: Մայրաքաղաք Վաշինգտոնում բնակիչներին հրահանգվել է դուրս չգալ տներից: Հրամանն անտեսողները տուգանվում են 5000 դոլարի չափով:
Ռուսաստանում կա հիվանդության 1836 դեպք: Մեկ օրում նրանց թիվն ավելացել է ռեկորդային 302 նոր դեպքերով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է ինը մարդ:
Նախագահ Պուտինի հրամանով երկրում հայտարարվել է մեկշաբաթյա վճարովի արձակուրդ բոլոր քաղաքացիների համար:
Ճապոնիայում մահացածների թիվը հասել է 67-ի: 1900 վարակակիրների մեծ մասը մայրաքաղաք Տոկիոյում են:
Հնդկաստանում կովիդ 19-ից մահացել է 32 մարդ: Մեկ օրում վարակակիրների թիվը 227-ով ավելանալով, ընդհանուր թիվը հասել է 1251-ի:
Լոս Անջելեսում, որտեղ բաց էին միայն էական նշանակություն ունեցող խանութները, վերաբացվում են զենքի խանութները, որոնք, ըստ դաշնային հրահանգի, մտել են էական նշանակություն ունեցող բիզնեսների ցանկի մեջ:
https://www.amerikayidzayn.com/a/5353874.html