Կարևոր է, որ զարգացնենք ֆուտբոլը որպես հանրային կյանքի կազմակերպման կարևոր ատրիբուտ. Փաշինյան
Tuesday, December 24, 2019Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը հանդիպման մեկնարկին շնորհավորեց Արմեն Մելիքբեկյանին՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: «Ասեմ, որ Հայաստանում և կառավարությունում շատ են ֆուտբոլի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները: Եվ, բնականաբար, մենք անտարբեր չենք այն պրոցեսների նկատմամբ, որ տեղի են ունենում ֆուտբոլում և ֆուտբոլի ֆեդերացիայում: »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ ֆուտբոլը կառավարության համար շատ կարևոր է երեք պատճառով և երեք ուղղությամբ «Առաջինն այն է, որ ֆուտբոլի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արտահայտված բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում, և ինչ-որ առումով մեր երկրում ֆուտբոլը և ֆուտբոլի ազգային հավաքականը իր արդյունքներով կարտահայտի մեր ազգային և պետական հավակնությունները և համարժեք կլինի այդ հավակնություններին: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ երեկ կայացած ընտրությունը կարևոր է, որովհետև կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և սպորտի ախտազերծումը կոռուպցիայից: Ցավոք սրտի, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են և ներթափանցում են սպորտի բնագավառ, ֆուտբոլի բնագավառ: Մենք պետք է այստեղ էլ ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը: Ես, իմանալով Ձեր անցած ճանապարհը, համոզված եմ, որ Դուք սկզբունքորեն այդ գծին հետևողական կլինեք: Եվ երրորդը, իհարկե, հնարավորությունների զարգացումն է: Մենք ասել ենք, որ ամենակարևոր հարցը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պիտի լուծվի, հնարավորությունների զարգացումն է: Ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ, աղջիկներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնելու և օգտագործելու ներշնչանք գտնել: Շատ կարևոր է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ռեալ զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը նաև որպես հանրային կյանքի կազմակերպման կարևոր ատրիբուտ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա հավելեց՝ իհարկե, ֆուտբոլի ֆեդերացիան գործում է կառավարությունից անկախ, բայց ընդհանուր պատկերացումներ ունենալը համագործակցության համար շատ մեծ հնարավորություններ է ստեղծում: «Ֆուտբոլի ֆեդերացիան այս առումով հնարավորություններ ունի ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական մարմինների, այնպես էլ ֆուտբոլային միջազգային հանրության հետ համագործակցելու: Եվ ես համոզված եմ, որ այստեղ ամբողջ պոտենցիալը չէ, որ օգտագործված է, և ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել այդ պոտենցիալն առավել արդյունավետ օգտագործելու հարցում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում երկար տարիներ ի վեր մրցակցային ընտրություններ չեն եղել: «Դա տեղի ունեցավ, և դա կարևորագույն նշան է, որ Հայաստանում ֆուտբոլը պետք է գնա առողջացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է կոռուպցիային հակազդելու մեխանիզմներին, Դուք գիտեք և հանրությունը հետևում է, վերջին շրջանում եվրոպական և համաշխարհային ֆուտբոլում դրական զարգացումներին: Եվ ՈՒԵՖԱ-ում, և ՖԻՖԱ-ում 2016 թվականին եղան աղմկահարույց իրադարձություններ, երբ հրաժարական տվեց ՖԻՖԱ-ի նախագահը, ապա ՈՒԵՖԱ-ի նախագահը, և այնտեղ առողջացման գործընթացը շարունակվում է: Մենք այդ ուղղությամբ համագործակցում ենք միջազգային կառույցների՝ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ և անելու ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանի ֆուտբոլը զերծ մնա նման երևույթներից»,- ասաց Մելիքբեկյանը:
Նա հավելեց, որ ունեն տեսլական, որն արտահայտված է մինչև 2025 թվականի համար մշակված ռազմավարության մեջ. Այդ տեսլականն է՝ «Հայաստանը առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով: «Դա մեր տեսլականն է, և այդ ուղղությամբ մենք գնալու ենք: Տեսլականի մեջ նշված է նաև տարբեր տարիքային ազգային հավաքականների և ազգային հավաքականի հաջող ելույթի մասին, մասնակցությանը Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում: Իհարկե, դա հավակնոտ ծրագիր է մինչև 2025 թվական, բայց մենք անելու ենք մեզանից կախված առավելագույնը, որպեսզի դա տեղի ունենա, որպեսզի ֆուտբոլային ենթակառուցվածքները Հայաստանում զարգանան և ֆուտբոլը իրոք դառնա այն ազգային խաղը, որը կլինի բոլորինը և ոչ թե նեղ շրջանակներինը»,- ասաց Մելիքբեկյանը:
ՀՀ վարչապետն էլ հավելեց, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլն ավելի ու ավելի շատ սկսել է ընկալվել ոչ միայն որպես մարզաձև, այլ նաև որպես տնտեսության ճյուղ: «Ցավոք, Հայաստանում ֆուտբոլը նաև որպես տնտեսության ճյուղ չի զարգացել, և ես մտածում եմ, որ դրա պատճառը նույնն է, ինչ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում՝ մենաշնորհները, չարաշահումները, հնարավորությունների սահմանափակումները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն մեկից ավելի թեկնածուով տեսանելի անցյալում չի եղել: Եվ այս առումով կարծում եմ իսկապես հենց սա է ենթատեքստը և Ձեր պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև, ըստ էության, Ձեր ընտրությամբ Հայաստանում փորձարկվում է ֆուտբոլի կառավարման և զարգացման նոր մոդել, որը նախադեպ չի ունեցել: Աշխարհում, գուցե, ունեցել է, բայց Հայաստանում մենք այդ նախադեպը չենք ունեցել, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները եղել են իշխանությունների հետ սերտորեն առնչվող մարդիկ: Շատ կարևոր է ֆուտբոլը որպես տնտեսության ճյուղ, ֆուտբոլը որպես հանրային կյանքի կազմակերպման ուղղություն, ֆուտբոլը որպես ազգային էմոցիոնալ միասնություն ապահովող հարթակ, որտեղ վերանում են կուսակցական պատկանելությունները, քաղաքական համոզմունքները: Եվ ֆուտբոլը կարևոր է որպես երիտասարդության և երեխաների հնարավորությունների զարգացման և առողջ ապրելակերպի զարգացման ուղղություն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նա շեշտեց, որ ֆուտբոլը կարևոր նշանակություն ունի նաև որպես տարածքային համաչափ զարգացման կոմպոնենտ: «Մենք շատ կարևոր ենք համարում, որպեսզի Հայաստանի մարզերում ոչ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքները զարգանան, այլ նաև ֆուտբոլային կյանք լինի: Այս հարցերի լուծման համար այնտեղ, որտեղ կառավարությունը կկարողանա աջակցել ֆեդերացիային, կարող եք հույս դնել այդ աջակցության վրա: Մենք հույս ունենք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը կլինի մեր ռազմավարական պատկերացումների շրջանակներում: Ես նկատի ունեմ իմ ասած ուղղությունները»,- ասաց վարչապետը:
Արմեն Մելիքբեկյանն ընդգծեց, որ վերջին ամիսներին համագործակցում են պետական մարմինների հետ՝ հավելելով, որ ցանկանում են, որ այդ համագործակցությունն ավելի սերտ լինի, որովհետև ֆուտբոլը պետք է համակցել որպես սոցիալական միջոց և տնտեսության ճյուղ և բացառել քաղաքական կոմպոնենտը:
Վարչապետն ընդգծեց, որ առաջիկայում ֆուտբոլը և ընդհանրապես սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր պետք է դնեն: «Ես կարծում եմ, որ դա մեր հաջորդ մեծ խնդիրներից մեկն է, որովհետև շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների կոնկրետ քաղաքական և տարբեր ամբիցիաներին: Չի կարելի թույլ տալ, որպեսզի պետության և երկրի առաջ մեծ ծառայություններ ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար: Ես ուրախ եմ, որ ֆեդերացիայում այսպիսի փոփոխություններ են տեղի ունենում: Ձեր ուսերին շատ կարևոր առաքելություն է դրված»,-եզրափակեց վարչապետ Փաշինյանը:
https://armenpress.am/arm/news/999892.html