Կառուցապատողը 14 միլիոն դրամ կհատկացնի իտալացի ճարտարապետին՝ Արամի 23-ի վերականգնման նախագծի համար. Մեսչյան
Thursday, January 24, 2019Կառուցապատողը 14 միլիոն դրամ կհատկացնի իտալացի ճարտարապետին՝ Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի վերականգնման նախագծի պատրաստման համար։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Ես կարծում եմ, որ բոլոր կողմերը հիմա պետք է որ հանգիստ լինեն։ Ի դեպ, քաղաքապետարանը ոչ մի առնչություն սրա հետ, բացի բարոյականությունից, չունի։ Մենք ուղղակի զորավիգ ենք կանգնում, սա բարի կամքի արտահայտություն է, որովհետև կոնկրետ դեպքում հուշարձանի սեփականատերը և կառուցապատողն իրենք իրար մեջ պետք է այդ հարցերը լուծեն։ Այնպես որ Արամի 23-ի հարցը համարում ենք փակված», - ասաց Մեսչյանը։
«Ազատության» դիտարկմանը, թե օրեր առաջ «Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ «Արամի 23-ը կառավարության որոշմամբ ապամոնտաժվող՝ տեղափոխվող հուշարձանների ցուցակի մեջ է, և այն, ինչ կատարված է, արված է օրենքի տառին համապատասխան», Մեսչյանն այսպես արձագանքեց. - «Ամեկարևոր հարցն է. նայեք՝ կա կառավարության մի որոշում, որտեղ Արամի 23-ը պետք է տեղափոխվի, մնացած բոլոր հուշարձանների հետ միասին։ Դա արվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումով, որի եղել է Մշակույթի նախարարության համաձայնությամբ։ Բայց եկա ես և ասացի՝ ոչ։ Հիշո՞ւմ եք՝ վարչապետն էլ եկավ և ասաց՝ «եկեք տեղափոխենք»։ Կներեք, ես վարչապետին շատ եմ հարգում, բայց ճարտարապետական տեսանկյունից դա արդեն այն խնդիրն է, որն իմ պատասխանատվությունն է, և ես ասում եմ՝ ոչ»։
Երևանի գլխավոր ճարտարապետը դիմեց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետին. - «Դիմում եմ Լևոնին Վարդանյան՝ էդ տարածքի գլխավոր ճարտարապետին, Մշակույթի նախարարության հետ միասին, կպահանջեմ, որ իրենք պատրաստեն այնպիսի նախագիծ, որը 100 տոկոսով ապահովում է գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը»։
Ամիսներ շարունակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանն ահազանգում էր Արամի 23 հասցեում գտնվող, երգչախմբի կողմից 1993 թվականից սեփականաշնորհված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող երկհարկանի շենքի փլուզմանը սպառնացող վտանգի մասին, որն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ «Հին Երևան» նախագծով շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը խարխլել էր շենքի գրունտային հիմքերը:
Անցյալ տարվա նոյեմբերին տարածք այցելեցին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ծանոթացան խնդրին։ Փաշինյանը հայտարարեց, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու։ Սակայն այս տարվա հունվարին շենքի պատը փլուզվեց։
Արամի 23 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Շենքը գտնվում է այն տարածքում, որտեղ կյանքի է կոչվելու «Հին Երևան» նախագիծը: Սեփականատերը շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սերմաքեշն է, որն արդեն նախագծի իրականացման համար 27 միլիոն դոլար է ներդրել:
Շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել տարածքում «Հին Երևան» նախագծի շրջանակում ամռանը սկսված փորման աշխատանքներից հետո: Հեքեքյանը պնդում է՝ եթե շենքը վթարային է դարձել նախորդ քաղաքային իշխանությունների թույլ տված կոպիտ խախտումների պատճառով, ապա փլուզման պատճառը ներկայիս իշխանությունների անտարբերությունն ու դանդաղկոտությունն է:
https://www.azatutyun.am/a/29728259.html