Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գնումների համակարգում՝ դնելով բարձր նշաձող
Thursday, October 10, 2019ՀՀ կառավարության հերթական հոկտեմբերի 10-ին կայացած նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին. «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն, իհարկե, արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Այս առումով ես ուզում եմ ընդգծել, որ, ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում, Հալեպում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»:
Անցնելով հարցերի քննարկմանը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որը մշակվել է գնումների համակարգի բարեփոխումների 2-րդ փուլի շրջանակում՝ ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկման արդյունքներով, հիմք ընդունելով նաև պետական մարմիններից և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններից ստացված առաջարկությունները: Որոշմամբ պետական գնումների համակարգում առաջարկվում է, մասնավորապես, հետևյալ հիմնական փոփոխությունները. երկակի մեկնաբանությունից խուսափելու համար սահմանվում է, որ այն շինարարական ծրագրերը, որոնց իրականացման համար չեն պահանջվում փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթեր, ֆինանսական միջոցները նախատեսվում են առանց այդ փաստաթղթերի առկայության: Նախատեսվում է, որ գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցը սահմանում է պատվիրատուի ղեկավարը, նկատի ունենալով, որ եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ, ապա գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գորոծողությունները պետք է կատարվեն (ընթացակարգը պետք է կազմակերպվի) գնման առարկան գնումների պլանում ներառվելուն հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանվում են մասնակիցների նկատմամբ որակավորման չափանիշներ սահմանելու և դրանց հիմնավորման համար փաստաթղթեր պահանջելու հետ կապված կարգավորումները, նախատեսելով, որ գնման ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակիցը իր ներկայացրած գնային առաջարկի չափով, բացի պայմանագրի (կանխավճարի) ապահովումը, պատվիրատուին կներկայացնի որակավորման ապահովում՝ 1-ից 10 մլն դրամ գին ունեցող գնումների համար տուժանքի, իսկ 10 մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ բանկային երաշխիքի ձևով: Ընդ որում եթե ընտրված մասնակիցը չի ներկայացնում ապահովումը, ապա պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ վերջինիս «սև ցուցակում» ներառելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո այլևս ոչ մի «ֆեյք» ընկերություն չի կարողանա մասնակցել պետական գնումների գործընթացին: Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների կարևորությունը և նշել. «Պետք է չափանիշները բարձրացնենք, հակառակ դեպքում այդ «յոլա գնալու» տրամաբանությունից դուրս չենք գալու: Ընդհանրապես երկիրը պետք է «յոլա գնալու» տրամաբանությունից դուրս գա բոլոր ոլորտներում, դրա համար պետք է գնալ կոնկրետ քայլերի, և սա կոնկրետ քայլ է՝ դնել բարձր նշաձող: Ես ձեր մտահոգությունը կիսում եմ, կարող է պարզվի իրոք այդ չափանիշը շատ բարձր ենք դրել և այն պրոբլեմներ է առաջացնում: Եթե կպարզվի այդպես է, ապա կհավաքվենք և կքննարկենք: Բայց առնվազն քաղաքական մեսիջի առումով ամենաբարձր նշաձողն ենք մեր առաջ դնում և կարծում եմ՝ գոնե այս փուլի համար լավ է»:
Մեր նպատակն է, որ զինծառայողների փոխհատուցումը գործի ՀՀ անկախության օրվանից. վարչապետ
Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունման արդյունքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը կհամապատասխանեցվի ՍԴ-ի համապատասխան որոշմանը: Ըստ այդմ՝ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ: Այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր: Այսպիսով՝ զինվորական պատճառական կապով հաշմանդամության կարգ կտրամադրվի նաև ծառայությունից 5 տարի անց:
Վարչապետն անդրադարձել է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձումների խորհուրդի երեկվա որոշմանը, որի համաձայն աջակցություն կտրամադրվի նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:
«Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ: Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում, ես միջինացված օրինակ բերեցի»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս գործընթացի հասկանալի հանգամանքի կարևորությունը. «Երբ մենք սկսեցինք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության այս հետ գնալու պրոցեսը, այսինքն՝ մենք ամեն որոշմամբ մի ինչ-որ կետի կանգնում ենք և, ցավոք, մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում, բայց համոզված եմ՝ ժամանակավոր: Իմ կոչն է, խնդրանքը՝ ըմբռնումով մոտենալ և արձանագրել, որ մենք 1.5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով արդեն հետ ենք տարել: Եվ սա, իմիջիայլոց ասեմ, ինչպես նախարարն արդարացիորեն նշեց, բավականին բարդ աշխատանքային պրոցես է: Դա պետք է հաշվարկվի, որպեսզի այդ որոշումները պատշաճ կարգով իրականություն դառնան: Եվ իհարկե, հաշվարկները շարունակվում են, և ինչպես հայտարարել էինք, մեր գերնպատակն է՝ այս պրոցեսը հետ տանենք մինչև Հայաստանի անկախության մեկնարկը: Եվ խնդրում եմ մեր սիրելի հայրենակիցներից՝ առավել համբերություն, որպեսզի առավել հանդարտ պայմաններում մենք կարողանանք այս աշխատանքը կատարել»:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարությունը նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը համարում է ժամանակավրեպ, քանի որ դեռևս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինության բնագավառի գործառույթներն իրականացվում են ոչ լիարժեք, չեն պահպանվում փաստաթղթերի, այդ թվում շինության ավարտական ակտին ներկայացվող պահանջները, մասնավորապես կատարողական փաստաթղթերը: Բացի այդ, նոր ստեղծված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված շինության նախագծի ներկայացման պահանջը պետք է հանվի միայն այն դեպքում, երբ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ և Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հաստատված ձևի հատակագիծը կդիտվի որպես շինարարության ավարտի ակտի հավելված: Կադաստրի կոմիտեում ներկայումս աշխատանքներ են տարվում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա առանձին ճյուղերի, այդ թվում՝ քաղաքաշինական ոլորտում կառավարման խնդիրների լուծման ժամանակ համապատասխան մարմիններին տրամադրելու համակարգված և հավաստի տարածական տեղեկատվություն, որի հիման վրա էլ կիրականացվի իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Կառավարությունը գտնում է նաև, որ նախագծով նախատեսվող փոփոխությանը կարելի է անդրադառնալ ինտեգրված կադաստրի ներդրումից հետո և առաջարկում վերանայել օրենքի ուժի մեջ մտնելու դրույթը՝ նախատեսելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թ. հունվարի 1-ից:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ կառավարության ռազմավարությունը թվայնացումն է, որտեղ մի պետական գերատեսչությանը հասանելի որևէ փաստաթուղթ ավտոմատ հասանելի է դառնում մնացած բոլոր գերատեսչություններին, և հետևաբար քաղաքացին դա միայն մեկ անգամ ներկայացնելու անհրաժեշտություն ունի: Ըստ վարչապետի՝ պետք է այնպես անել, որ քաղաքացին այդ փաստաթուղթը նաև էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն ունենա:
Հաստատվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը
Գործադիրը հաստատել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են Ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները: Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ, երկարաժամկետ և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր: Փաստաթղթով ամրագրված են, մասնավորապես, հետևյալ ռազմավարական նպատակները. նախատեսվում են Էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում: Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնում, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արդիականացում, դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգի կատարելագործում և այլն: Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով նախատեսվում է ամրապնդել իրավունքի գերակայությունը: Նախատեսվում են նաև քայլեր՝ Սահմանադրական բարեփոխումների անցկացման, ընտրական օրենսդրության բարեփոխման, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման և այլ նպատակների համար: Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար։
Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացվել են առաջարկություններ, մտահոգություններ: Վարչապետն առաջարկել է հաստատել փաստաթուղթը և այս դեպքում էլ բարձր նշաձող դնել. «Կարծում եմ՝ պետք է նախորդ հարցի տրամաբանության պես նշաձողերը բարձրացնել: Մեր երկրում պետք է բարձր չափանիշների համապատասխանող դատավորներ լինեն: Իհարկե, հասկանում եմ ձեր մտահոգությունը, որ շատ կտրուկ փոփոխությունները կարող են ցնցումներ առաջացնել, բայց ռազմավարությունը, ի վերջո, բավականին երկարաժամկետ է և անհրաժեշտություն դեպքում փոփոխություններ կարվեն»:
Արտոնություն է տրամադրվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի ներդրումային ծրագրին
Կառավարությունը բավարարել է «Քոնթուրգլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները օգտագործվելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար (Սյունիքի մարզ)՝ կատարելով 27.5 մլրդ դրամի ներդրում: 10.9 մլրդ դրամն արդեն իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, տեղադրման, ինչպես նաև տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 151 աշխատատեղ` 413,000 դրամ միջին աշխատավարձով, ծրագրի շրջանակում ստեղծվել է ևս 10 նոր աշխատատեղ՝ 750,000 դրամ միջին աշխատավարձով։ 2018 թ. ընթացքում ընկերության արտադրած էլեկտրաէներգիան արժեքային արտահայտությամբ կազմել է 13.7 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի ավարտից հետո կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6,392,618,400 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 512,980,742 դրամ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մթերման սեզոնին և նշել. «Այսօր ես արձանագրեցի, որ, ըստ էության, մենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք, և ուշադրությունս գրավեց այն, որ այս տարի ոչ մի աղմուկ, աղաղակ չկա: Սա, կարծում եմ, շատ հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում ոչ մի ժամանակ, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունն, այսպես ասած, սթրեսային և ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Ես մեզ բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ, սա բավականին լուրջ հաջողություն է: Հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ ամենևին և կապված է այն գործողությունների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք անցյալ տարվանից՝ սկսած ՊԵԿ-ի միջոցով և քննարկումների արդյունքում: Կարծում եմ՝ սա շատ կոնկրետ և դրական արդյունք է: Հույս ունեմ, որ մենք արդեն գտել ենք ձևը, թե ինչ անել, որպեսզի խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություն և գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել է, որ ներկա դրությամբ այս տարի մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Խոշոր երեք մթերող ընկերությունները միասին մոտ 90 հազար տոննա խաղող են մթերել։ Իսկ կոնյակի համար մթերված խաղողի միկջին գինն այս տարի կազմել է մեկ կգ համար 150-155 դրամ։
Սևանա լճի մակարդակի բարձրացումն օպերատիվ միջոցառումների արդյունք է. վարչապետ
«Անտառների կառավարում» ծրագրի «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման կատարման համար պատասխանատու մարմինները հստակեցնելու, անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի անտառները կորցրել են իրենց արտադրողականությունը և լիարժեք չեն կատարում իրենց բնապահպանական ֆունկցիաները, իսկ որոշ տեղերում էլ տեղի է ունեցել անտառածածկ տարածքների կրճատում և անցանկալի տեսակափոխություն: Հանրապետությունում գարնանը նախատեսված անտառապատման աշխատանքների համար նպաստավոր ժամանակահատվածը կրճատվել է, ուստի, անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում սկսել անտառապատման և անտառվերականգնման աշխատանքները՝ դրանք արդյունավետ իրականացնելու նպատակով: Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ամբողջ ծավալը նախատեսված է իրականացնել գնումների արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության միջոցով։ Որոշմամբ նախատեսվում է միջոցառման կատարող սահմանել Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը: Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալների վերաբաշխման և ծախսերի վերահաշվարկի արդյունքում ձևավորված 1239,8 հազ. դրամ գումարն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
«Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների համար, իսկ 1.2 միլիոնը վերադարձնել պահուստային հիմնադրամ: Այս աշխատանքները աննախադեպ են: Մոտ 150 հա անտառվերականգնում և զուգահեռ տարբեր այլ աշխատանքներ կիրականացվեն»,- ասել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարն անդրադարձել է նաև Սևանից ջրի բացթողումների հարցին և նշել, որ լճից բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր և ամենայն հավանականությամբ այլևս կարիք չի լինի ջուր բաց թողնել: Է.Գրիգորյանի խոսքով՝ Սևանա լիճն այս պահի դրությամբ 5սմ-ով ավելի է, և ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին, բայց կանխատեսումներով կլինի դրական հաշվեկշիռ։
«Քանի որ անդրադարձաք այդ թեմային, ես ուզում եմ մի փոքր մանրամասնել: Սկզբից երբ պարզ էր, որ մենք լավ տեմպով ենք գնում, առաջին տպավորությունն այն էր, որ դա տեղի է ունենում եղանակային պայմանների շնորհիվ: Բայց հետագա վերլուծությունները ցույց տվեցին, որ ընդհակառակը, եղանակային պայմանները շատ անբարենպաստ են եղել: Այդ առումով ստացվում է, որ սա այն օպերատիվ միջոցառումների արդյունքն է, որ մենք տարվա սկզբում մի քանի սթրեսայինհ խորհրդակցություններից հետո որոշեցինք ձեռնարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գյումրիիում կիրականացվեն ճանապարհների վերակառուցման և հանրային լուսավորության արդիականացման աշխատանքներ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ և Տրանշ Գ դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին: Համաձայնագրերով նախատեսվում է դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով: Ծրագրի նպատակն է` աջակցել Գյումրիիում հիմնական Ճանապարհների վերակառուցման և հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում: Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհածածկույթի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:
Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Գյումրիում՝ հյուրանոցային ոլորտում ներդրումային ծրագրերի վրա: «Կան ազդակներ, որ առնվազն զբոսաշրջության հետ կապված հյուրանոցային ոլորտում որոշակի ներդրումային ծրագրեր են առաջարկվում Գյումրիրում: Այս տարվա փորձը ցույց տվեց, որ Գյումրիում հյուրանոցային տնտեսությունն ընդլայնվելու կարիք ունի: Այստեղ շատ կարևոր է, որ կառավարությունը շատ արագ և օպերատիվ արձագանքի, որպեսզի նոր հյուրանոցներ կառուցելու գործընթացը պատշաճ, արագ իրականացվի»,-ասել է վարչապետը:
Կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման մեխանիզմ
Կառավարությունը սահմանել է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում ներկայում դեռևս ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս՝ բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը և գործոնները, գնահատել ընտանիքում բռնության դրսևորման օրինաչափությունները, հստակեցնել այն հնարավոր փոփոխությունները, որոնք հրատապ կերպով պետք է տեղ գտնեն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում` պետական մարմինների գործունեության մեջ` ընտանեկան բռնության կանխարգելման առումով: Որոշմամբ կկարգավորվեն կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի տեղեկատվության փոխանակման և դրանց կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:
Վարորդներին կտրվի թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը նաև էլեկտրոնային եղանակով լրացնելու հնարավորություն
Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. հնարավորություն կտրվի ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը լրացնել նաև էլեկտրոնային եղանակով: ԱՊՊԱ համակարգի էլեկտրոնայնացման և ոլորտում Միասնական պատուհան համակարգի ներդրման գործընթացների շրջանակում իրականացվող այս փոփոխության արդյունքում՝ պարզ և փոքր գույքային վնասներով ավտովթարների պատահարը կձևակերպվի ավելի արագ և կնպաստի վթարի հետևանքով ճանապարհի երթևեկության արագ վերականգնմանը: Հիմնավորման համաձայն՝ մինչև տարեվերջ նախատեսվում է գործարկել նաև ASWA համակարգի հատուցումների ամբողջական գործընթացի էլեկտրոնային կառավարումն ապահովող հարթակը, որից հետո կգործարկվի նաև պարզ վթարների գրանցման բջջային հավելվածը։
Այլ որոշումներ
Գործադիրը փոփոխություն է կատարել «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է մեկ տարով երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու ՀՀ քաղաքացու անձնագիր:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առաջարկելով Երևանի հիմնադրման 2801 ամյակին նվիրված միջոցառումներն իրականացնել 2019 թ. հոկտեմբերի 19-ին: Հիմնավորման համաձայն՝ Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու են հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից և օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի լինի Երևանի օրը նշել հոկտեմբերի երկրորդ շաբաթը օրը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ Տրդատ Սարգսյանն ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
Կառավարությունը որոշել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում հողամաս տրամադրել «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ին՝ ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կառուցելու նպատակով: Հողամասը տրամադրվում է առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով: «Բարի մամա» ՀԿ-ն կազմակերպում է ամառային ճամբարներ՝ մանկատան հաշմանդամություն ունեցող սաների համար: Կենտրոն-ճամբարը սկզբնական փուլում կգործի մայիս-հոկտեմբեր ամիսներին՝ կազմակերպելով ճամբար առնվազն ամսական 100 երեխայի համար և իրականացնելով ֆիզիոթերապիա, հոգեբանական թերապիա, արտ-թերապիա, լոգոպեդի և հատուկ մանկավարժի ծառայություններ: Տարեկան առնվազն 600 հաշմանդամություն ունեցող երեխաներ կկարողանան վայելել իրենց համար անհասանելի ամառային հանգիստը և կստանան վերականգնողական բուժում:
https://armenpress.am/arm/news/991254.html