Լոս Անջելեսում մեքենայությունների միջոցով բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել
Monday, June 3, 2019ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մայիսի 30-ի առավոտյան մեքենայությունների մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել: Այս մասին ասված է ԱՄՆ Գաղտնի ծառայություն և Ազգային անվտանգության վարչության Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման բաժնի պաշտոնական հաղորդման մեջ:
Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածներն իրական հայկական անձնագրեր են ձեռք բերել և, դրանցում եղած լուսանկարները փոխարինելով սեփական լուսանկարներով, անձնագրերն օգտագործել են դրանց իրական տերերի անունից բանկային հաշիվներ բացելու համար:
Կեղծարարները խաբեությամբ բանկային հաշիվներից այլ հաշիվների գումարներ են փոխանցել և Լաս Վեգասի կազինոներում ու այլ վայրերում անմիջապես կանխիկացրել դրանք՝ արդյունքում Bank of America բանկից մոտ 1,1 մլն դոլարի գումար գողանալով:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ խաբեբաներն ընդհանուր առմամբ 331 հայկական անձնագիր են կեղծել: Պաշտպանյալներից 3-ի դեմ Wells Fargo բանկային ընկերությունից համանման մեքենայության արդյունքում մոտ 370 000 դոլար գողանալու մեղադրանք է առաջադրվել:
Ձերբակալվածներն են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը, 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանը և 37-ամյա Արման Գրիգորյանը: Մեղադրյանլերից ևս մեկը՝ 29-ամյա Արտակ Օհանյանը, համաձայնել է հանձնվել դաշնային իշխանություններին:
Հանցախմբի անդամներին առաջադրված մեղարդանքներով մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: Գործը քննվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մեքենայությունների և ընդհանուր հանցանքների բաժնի դատախազի կողմից:
https://m.shamshyan.com/hy/article/2019/06/02/1126371/