Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ֆրեզնո. նա այցելել և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին
Thursday, March 21, 2019Այնուհետև դոկտ. Բայբուրդյանը և դոկտ. Կաստրոն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի բուհերի և Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի միջև գործակցության ծրագրեր՝ կենտրոնանալով երեք ուղղությունների վրա՝ հայագիտության, ճարտարագիտության և գյուղատնտեսության:
Գլխավոր հյուպատոսը նաև մասնակցել է Ֆրեզնոյի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ավարտական միջոցառմանը, որին հրավիրված էր՝ իբրև գլխավոր բանախոս:
Աշխատանքային այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրենդի հետ: Գլխավոր հյուպատոսը կարևորել է Ֆրեզնոյի հետ հարաբերությունների սերտացումը՝ շեշտելով, որ ԱՄՆ արևմտյան ափում ամերիկահայ համայնքի արմատները գտնվում են հենց Ֆրեզնոյում: Արմեն Բայբուրդյանը փաստել է նաև, որ Հայաստանը կարևորում է գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացումը, և այդ առումով, Ֆրեզնոյի հետ փորձի փոխանակման մեծ դաշտ կա: Այդ իմաստով գյուղատնտեսությունը գործակցության առաջնային ուղղություններից մեկը կարող է դառնալ, շեշտել է գլխավոր հյուպատոսը: Զրուցակիցները կարևորել են նաև Ֆրեզնո-Էջմիածին քույր-քաղաքների ծրագրի ակտիվացումը:
Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրեզնոյի մարզի տնտեսական զարգացման կորպորացիայի նախագահ Լի Էն Իգերի հետ: Նրանք քննարկել են տնտեսական գործակցության հեռանկարները: Լի Էն Իգերը սիրով ընդունել է Արմեն Բայբուրդյանի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ տնտեսական գործակցության ծրագրերին գործնական բնույթ հաղորդելու համար:
Ֆրեզնո կատարած այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը մասնակցել է նաև համայնքային պաշտոնական ընդունելությանը, որը գլխավոր հյուպատոսի պատվին կազմակերպել էր Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը:
https://m.shamshyan.com/hy/article/2019/03/21/1120322/