Լիբանանահայերը Հայաստանում փնտրում են աշխատանք և տանիք․ պետական աջակցության ծրագիրը, գուցե, հաստատվի սեպտեմբերի վերջին․
Wednesday, September 9, 2020Օգոստոսի 4-ին Բեյրութում հնչած 2 պայթյունից ավելի քան 1 ամիս անց էլ պայթյունի ձայնն ու դրան հաջորդած իրարանցումը այն տեսնողների ականջներում ու աչքերի առաջ է: Սովորական աշխատանքային օրվա ոչ սովորական ավարտից հետո էլ սովորականի պես չէր լինելու հետոն:
Բեյրութում ծնված, տուն ու տեղ դրած շատ հայեր արագ ու վերջնականապես որոշեցին՝ տեղափոխվում են Հայաստան։ Ալինե Տասլակյանը դուստրերի ու որդու հետ 21 օր առաջ է եկել հայրենիք, շուտով կգան նաև ամուսինն ու մայրը։ Բեյրութի տունն արդեն ավերակ է, ավերակ է դարձել նաև իր հիմնադրած մանկապարտեզը։ Օգոստոսի 4-ին ու հիմա էլ Աստծուց շնորհակալ է, որ այդ ժամին մանկապարտեզում երեխաներ չեն եղել։
Դեռ քաղաքացիություն չունեն, ասել են՝ մի քանի ամիս կտևի։ Դուստրերը սովորելու են Եվրոպական համալսարանում։ Աղջիկներից Կարմեն Հեքիմյանն ասում է՝ համալսարանում վստահեցրել են՝ վճարի հետ կապված զեղչեր կլինեն, բայց ինչքան և ինչպես, դեռ չգիտի։ Ավելի դժվար եղել է որդուն դպրոց տեղավորելու հարցը։ Փաստաթղթային խնդիրները կարգավորելու ընթացքում նաև աշխատանք են փնտրում․ տան վարձից մինչև առօրյա ծախսերը հոգալու խնդիրն առաջնային է։ Անի և Մարալ Նաջարյանները քույրեր են, Բեյրութից Հայաստան 15 օր առաջ են տեղափոխվել․ նրանց ունեցած վարսավիրանոցը ևս ավերակ էր դարձել։
Վերադարձել են՝ մտադրությամբ, որ Արցախում կապրեն։ Դիմումն արդեն գրել են՝ 10 օր առաջ։ Թե երբ կարձագանքեն, դեռ չգիտեն՝ ամեն օր են սպասում, և անհամբեր սպասում են, որ նաև իրենց երեխաներին կկարողանան բերել ու շատ հոգս չպատճառել իրենց հյուրընկալած Լևոն Քեդենջյանին։ Լևոնը նույնպես Բեյրութից է, բայց 8 տարի առաջ Հայաստանում տուն է գնել։
Հիմա այն պետք եկավ ոչ միայն իրեն։ Օգոստոսի 4-ի պայթյունից հետո արդեն Հայաստան է տեղափոխվել 1000-ից ավելի լիբանանահայ, ցանկացողներ էլի կան։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանից Factor TV-ն հետաքրքրվեց՝ քանի՞սն են վերադարձել պետության միջոցներով: Ալեքսանյանը նշեց՝ պետության միջոցներով վերադարձել է 100 լիբանանահայ, ևս 1000-ը՝ իրենց միջոցներով։ Իսկ աջակցության ծրագրերի փաթեթը Կառավարությանը հանձնել են սեպտեմբերի 1-ին, հաստատելուն պես պետության կողմից աջակցություն կստանան։ Մինչ այդ, ծայրահեղ կարիք ունեցողներին աջակցում են բարերարների միջոցով։
Իսկ Անիի և Մարալի նման Արցախում ապրել ցանկացողներ լիբանանահայերը շատ են։ Գործընթացն արդեն սկսվել է։ Արհեստից և աշխատասիրությունից բացի՝ լիբանանահայերը նաև լավատես են, դժվարը սկիզբն է։ Մի ճամպրուկ հագուստից բացի՝ ուրիշ բան չեն հասցրել իրենց հետ բերել, իսկ Լիբանանում ապրած լավ օրերի մասին լուսանկարները կհիշեցնեն․ ավերակ դարձած տունը չեն լուսանկարել։
© factor.am