ԱՄՆ-ի դատարանը երեք տարվա ազատազրկման դատապարտեց նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենին: Վերջինս դատարանում հայտարարեց, որ նա կուրորեն նվիրված էր Դոնալդ Թրամփին, որի արդյունքում թույլ է տվել օրինախախտումներ:
Քոհենը իրեն մեղավոր է ճանաչել քարոզարշավի ընթացքում թույլ տված ֆինանսական խախտումների համար: Ըստ դատական գործի նյութերի, 2016 թվականին ընտրություններից առաջ նա վճարել է երկու կանանց լռության դիմաց: Վերջիներս պարտավորվել են, ըստ որոշ աղբյուրների, չբացահայտել իրենց կապը Դոնալդ Թրամփի հետ:
«Թրամփն այսօր հերքում է որևէ կապ այդ կանանց հետ, սակայն ինչպես ցույց են տալիս դատական նյութերը, Քոհենը պատմել է դատախազներին իր անօրինական արարքի մասին»,- ասում է լրագորղ Չադ Դեյը Associated Press-ից:
Քոհենը դատապարտվել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսին կեղծ տեղեկություն տալու համար՝ կապված Թրամփի կողմից Ռուսաստանում շինարարական նախագիծ իրականացնելու հետ այն ժամանակ, երբ նա արդեն նախագահ էր:
Նախագահ Թրամփը հերքում է իր թիմի որևէ համագործակցություն Ռուսաստանի հետ և Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննությունը՝ անվանում «վհուկների որս»: Նա քննադատել է նաև Քոհենին:
«Մայքլ Քոհենը ստում է և փորձում է կրճատել իր պատիժն այն իրավախախտումների համար, որոնք ինձ հետ կապված չեն»,- ասել է նախագահը:
Դրա հետ մեկտեղ հաջորդ շաբաթ կդատապարտվի նաև Թրամփի՝ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը՝ Ռուսաստանի հետ կապված գործի առնչությամբ:
Ֆլինը ընդունել է, որ ստել է հետաքննությանը Ռուսաստանի դեսպանի հետ ունեցած շփումների մասին, որոնք տեղի են ունեցել նախքան Թրամփի երդմնակալության արարողությունը:
Ըստ վերլուծաբանների, Մյուլերի հետաքննությունը կարող է իր գագաթնակետին հասնել հաջորդ տարվա սկզբին:
«Մենք սպասում էինք, որ Քոհենը տեղեկություն կտրամադրեր Մյուլերին, ինչը նա արեց: Վերջինս հարցաքննել է շատ վկաների, մեծ աշխատանք իրականացրել ամիսներ շարունակ, ուստի կարծում եմ մոտակա ամիսներին նրա աշխատանքը պետք է ամփոփվի»,- ասում է Ռիք Սիմոնսը Օհայոի համալսարանից:
Իսկ Մայքլ Քոհենը կսկսի կրել իր պատիժը բանտում հաջորդ տարվա մարտի 6-ից:
Source: https://www.amerikayidzayn.com/a/4699243.html