Թրամփի թիմի ու ռուսական կողմի միջև դավադրություն չի հայտնաբերվել
Monday, March 25, 2019Շուրջ երկու տարի տևած հետաքննությունից հետո ամերիկացիները ի վերջո ստացան Թրամփի նախագահության թերևս ամենավիճահարույց հարցի նախնական պատասխանը․ Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրը նախօրեին հայտարարել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը նախագահ Դոնալդ Թրամփի կամ նրա նախընտրական թիմի և ռուսական կողմի միջև դավադրություն չի հայտնաբերել:
Չնայած նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփի թիմակիցների և ռուսների միջև տեղի ունեցած կասկածելի հանդիպումներին և շփումներին՝ Մյուլերի հետաքննությունը չի հայտնաբերել բավարար ապացույցներ Սպիտակ տան ղեկավարի դեմ մեղադրանք առաջադրելու համար: Բացի այդ՝ զեկույցում «չկան եզրակացություններ, որ նախագահը որևէ հանցագործություն է կատարել», շեշտել է ԱՄՆ արդարադատության նախարարը:
Այսպիսով, ինչպես նշում է ամերիկյան մամուլը՝ զեկույցը դարձավ Թրամփի ամենալուրջ քաղաքական հաղթանակը, ինչը թույլ է կտա ցրել մութ ամպերը, որոնք կուտակվել էին նրա նախագահության վրա երդմնակալության պահից ի վեր:
«Գործարք չի եղել, խոչընդոտում չի եղել, լիարժեք արդարացում», - հայտարարել է ԱՄՆ նախագահը, ով ի սկզբանե հերքում էր կասկածները՝ հետաքննությունը անվանելով «վհուկների որս»:
Չնայած իր և թիմակիցների անմեղության մասին Թրամփի պնդումներին՝ ավելի վաղ Մյուլերի գլխավորած քննչական խումբը տարբեր դրվագներով մեղադրանքներ է ներկայացրել ավելի քան երեք տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց մի մասը Թրամփի նախընտրական շտաբում զբաղեցրել են ղեկավար պաշտոններ, իսկ Մայքլ Ֆլինը հետագայում նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր: Նրանց առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը, սակայն, ուղղակի առնչություն չունի ռուսների հետ համաձայնության հասնելու մասին Թրամփին և նրա թիմակիցներին վերագրվող գործողությունների հետ:
Այսպես կոչված «ռուսական հետաքննության» մասին Կոնգրեսին ուղարկված Մյուլերի զեկույցը կազմված է երկու մասից՝ առաջինը նկարագրում է 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության փաստերը, այդ գործընթացներում ներգրաված անձանց ցանկը, նրանց գործողությունները: Խոսքը, մասնավորապես, ընտրական գործընթացների վրա ազդելու մասին է: Այդ նպատակով, ըստ այդ փաստաթղթի, օգտագործվել են սոցցանցերը, հարձակում է իրականացվել դեմոկրատական կուսակցության սերվերների դեմ , որի հետևանքով տեղի է ունեցել այդ կուսակցության ներքին նամակագրական արտահոսքը: Այդ նամակները, կամ կեղծ օգտատերերի կողմից հրապարակված հազարավոր գրառումների թիրախը նախկին նախագահ Բարաք Օբաման և ընտրություններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնն են եղել: Զեկույցի երկրորդ մասը վերաբերում է Թրամփի կողմից արդարադատությանը հնարավոր միջամտությանը կամ խոչընդոտելուն: Գլխավոր դատախազի խոսքերով, մանրակրկիտ ուսումնասիրելով զեկույցը, եկել են այն եզրակացության, որ այս հարցով էլ նախագահի դեմ մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան: Մյուլերը շուրջ երկու տարի տևած հետաքննությունը անցկացնում էր ամերիկյան մայրաքաղաքում․ նրան հաճախ քննարկել են, բայց հազվադեպ տեսել: Տեսախցիկները նրան վերջապես ֆիքսել են կիրակի առավոտյան՝ Սպիտակ տան մոտ գտնվող եկեղեցու շենքից դուրս գալու պահին: Մի քանի ժամ անց արդարադատության նախարարը ներկայացրել է Մյուլերի՝ Կոնգրեսին և իր ղեկավարած գերատեսչությանն ուղղարկած նամակի մանրամասները: Կոնգրեսի դեմոկրատները, սակայն, շտապել են հայտարարել, որ ավելին են պահանջում: Այդ իսկ պատճառով նամակը կարող է Կոնգրեսի և արդարադատության նախարարության միջև սահմանադրական վեճի պատճառ դառնալ, որի առարկան է՝ հրապարակել Մյուլերի զեկույցն ամբողջությամբ, թե ոչ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կմերժի զեկույցին նվիրված ցանկացած ճեպազրույց, որը կունենա գաղտնի ձևաչափ: Նրա խոսքերով՝ զեկույցը պետք է ներկայացվի Կոնգրեսին այնպիսի տեսքով, որը թույլ կտա օրենսդիրներին հրապարակային քննարկել:
https://www.azatutyun.am/a/29840987.html