Թրամփը` երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկվելու ճանապարհին
Wednesday, January 13, 2021ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Թրամփի աջակիցների կողմից գրոհի ենթարկելուց մեկ շաբաթ անց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները շարունակում են նախագահին անվստահության քվե հայտնելու գործընթացը: Ինքը` Թրամփը, բռնությունները դատապարտելու փոխարեն, քննադատում է դեմոկրատներին, իր դեմ իմփիչմենթի երկրորդ գործընթացը սկսելու համար:
‘’Ես կարծում եմ, որ դեմոկրատների ղեկավարները դրանով իսկ հսկայական վտանգ են առաջ բերում մեր երկրի համար ու` հսկայական զայրույթ’’, ասել է նա ու ավելացրել, որ ինքը բռնություններ չի ուզում:
Փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Թրամփի հետ, եւ չի թվում, որ նա կընդունի Սահմանադրության 25-րդ հավելումն ուժի մեջ մտցնելու դեմոկրատների կոչը: Հիշեցնենք, որ այդ կետը Փենսին թույլ է տալիս Թրամփին նախագահի պաշտոնում ճանաչել անգործունակ ու նրան հեռացնել պաշտոնից: Այդ պատճառով էլ դեմոկրատները գնում են իմփիչմենթի ճանապարհով:
Չնայած հանրապետականների շրջանում կան կոնգրեսականներ, որոնք համամիտ են դեմոկրատների հետ այս հարցում, սակայն հանրապետականները հիմնականում աջակցում են Թրամփին:
Ի դեպ, իմփիչմենթի գործընթացը Սենատում կարող է ավարտվել Թրամփի նախագահության ժամկետի լրանալուց շատ ուշ: Սակայն այստեղ կարեւորը ժամանակը չէ, այլ փաստը, ասում են դեմոկրատները: Չէ որ իմփիչմենթի ենթարկվելուց հետո Թրամփն այլեւս երբեք չի կարող դառնալ նախագահի թեկնածու:
Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատին, ապա անվստահության քվե այստեղ կարող են հայտնել հենց այս շաբաթվա ընթացքում: Այդ դեպքում Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ կմտնի որպես երկու անգամ իմփիչմենթի ենթարկված միակ նախագահը:
https://www.amerikayidzayn.com/a/5736078.html