Երկիր մոլորակը կանգնած է ջերմացման անշրջելի աղետի հնարավորության առջեւ
Wednesday, December 23, 20202020 թվականին անտառային հրդեհների ռեկորդային ծավալներ գրանցվեցին Կալիֆոռնիայից մինչեւ Սիբիր, Ատլանտյան օվկիանոսում սկսվեցին աննախադեպ մեծ թվով ծովամրրիկներ: 2020 թվականը դարձավ պատմության մեջ ամենաշոգ տարին: Դրան գումարվեց կովիդ 19 հիվանդությունը, ինչի արդյունքում դատարկվեցին աշխարհի փողոցները, դադարեցվեցին օդային թռիչքները: Տխուր իրադրություն, որն ունի նաեւ դրական կողմ: Չէ որ դրանց արդյունքում 7 տոկոսով կրճատվեց երկրագնդի ջերմացմանը նպաստող ածխաթթու գազի արտանետումների ծավալը: Որոշ փորձագետներ սակայն, ինչպես Աշխարհի պաշարների հաստատության տնօրեն Դան Լաշոֆը, ասում են, որ դրանից շատ ոգեւորվել պետք չէ, քանի որ դրա տեղը շուտով կարող է լրացնել արագ աճ գրանցելու պատրաստ տնտեսությունը:
Աշխարհում հարկավոր է իրականացնել արմատական փոփոխություններ, ասում են գիտնականները: Գովելի է Չինաստանի նախագահի այն հայտարարությունը, ըստ որի մինչեւ 2060 թվականը Չինաստանը ջերմոցային գազերի արտանետումների ծավալները կիջեցնի մինչեւ զրոյի: Եվրոպական երկրները նույնպես այս ուղղությամբ ցուցաբերում են հետաքրքրություն, ասում են փորձագետները:
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, սակայն, ԱՄՆ-ը գնում էր հակադիր ուղղությամբ, թուլացնելով շրջակա միջավայրի պահպանության մասին օրենքները եւ զարկ տալով հանածո վառելիքի արդյունահանմանը:
Նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը ներշնչում է հույս, ասում է Կոլումբիայի համալսարանի դասախոս Մայքըլ Ջերարդը: ‘’Հստակ է, որ Բայդենն այս ուղղությամբ կիրականացնի 180 աստիճանի փոփոխություն’’, ասում է նա:
Բայդենն, այո, հայտարարել է, որ կլիմայական փոփոխության դեմ պայքարը դարձնելու է իր համար առաջնահերթություն: Սակայն Կոնգրեսում առկա բաժանումը կարող է կասեցնել արտանետումների ծավալները կրճատելու մասին որոշում կայացնելու հնարավորությունը:
ԱՄՆ-ում կարեւոր գործոն է հանդիսանում նահանգային կառավարությունների անկախության հարցը, երբ յուրանքանչյուր նահանգ կարող է ինքնուրույն կերպով կայացնել որոշումներ այս ուղղությամբ, ինչպես դա արեց Կալիֆոռնիան: Դրական դեր են կատարում նաեւ բանկերն ու ներդրողները: Հիշենք, որ խոշոր մի շարք բանկեր հայտարարել են Արկտիկայում գազի ու նավթի արդյունահանման նախագծերում ներդրումներ չիրականացնելու իրենց որոշման մասին:
2020 թվականին լրացավ Փարիզի կլիմայական հարցերով պայմանագրի հինգերորդ տարին: Սակայն աշխարհն այս պայքարում չի գրանցել նկատելի քայլեր, եւ երկրագնդի ջերմաստիճանը շարունակում է ցույց տալ բարձրանալու նշաններ, հայտարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ինչպես գիտնականներն են ասում, մոտենում է այն պահը, որից հետո, որքան էլ աշխարհը փորձի, չի կարողանալու իջեցնել երկրագնդի ջերմությունը:
Մի հանգամանք, որը մեր Երկիրը կարող է տանել դեպի աղետներ:
https://www.amerikayidzayn.com/a/5710921.html