Դատարանը մերժեց Նարեկ Սարգսյանին՝ Ֆրանկլին Գոնսալեսին, ազատ արձակել գրավի դիմաց
Thursday, April 22, 2021Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց Ալեքսանդր Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին, որն առավել հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով, ազատ արձակել գրավի դիմաց։
Պաշտպանական կողմը որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել` 25 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխել խափանման միջոց կալանքը։
Գործով դատախազն առարկել է միջնորդության դեմ` պատճառաբանելով, թե կխոչընդոտի, կթաքնվի գործի քննությունից։
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։
Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին նա արդեն արտահանձնվեց Հայաստանին։
1 տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո, դատարանը նրան գրավով ազատ էր արձակել, վերջերս Վճռաբեկ դատարանը վերացրեց այդ որոշումը։