Գալիս է կովիդ 19 հիվանդության կյանքի վերջը
Thursday, December 3, 2020Մեծ Բրիտանիան կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութ կսկսի կիրառել եկող շաբաթվանից: ‘’Pfizer-BioNTech’’ ընկերությունների կողմից համատեղ ջանքերով ստեղծված այս պատվաստանյութն այստեղ իշխանությունների կողմից հավանության էր արժանացել երեքշաբթի օրը:
Ընկերությունը եկող մի քանի օրերի ընթացքում կառաջարկի պատվաստանյութի 800,000 չափաբաժին: Ընդհանուր առմամբ այս ընկերության հետ կառավարությունը կնքել է 40 միլիոն չափաբաժին գնելու մասին պայմանագիր, որը կապահովի 20 միլիոն անձանց պատվաստումները:
Առաջինը պատվաստման կենթարկվեն հատուկ խնամատար հաստատություններում բնակվող անձինք եւ առողջապահության բնագավառի աշխատակիցները: Երկրորդ փուլի մեջ են ընդգրկված տարեց մարդիկ ու նրանք, ովքեր տարբեր հիվանդությունների պատճառով համարվում են կորոնավիրուսի դեմ խոցելի շերտ: Առողջ չափահաս անձինք պատվաստման համար պիտի սպասեն եւս մի քանի ամիս:
Ինչպես միկրոկենսաբան Սայմըն Քլարքն է ասում, դեռեւս պարզ չէ, թե արդյոք այս պատվաստանյութը մարդկանց միայն պաշտպանում է հիվանդանալուց, թե նաեւ թույլ չի տալիս վարակվել ու վարակը փոխանցել ուրիշների:
Պատվաստանյութը հայտնաբերելուց հետո խնդիրը լուծված համարել չի կարելի, քանի որ.առջեւում կան այլ խնդիրներ եւս: Առաջին մեծ խնդիրը թերահավատ անձանց համոզելն է: Եվ կա կարծիք, որ թերահավատների ու կասկածամիտների մի հոծ զանգված կհրաժարվի պատվասման ենթարկվելու հնարավորությունից:
Մի քանի այլ երկրկներ եւս միլիոնավոր չափաբաժիններ են պատվիրել երկու այս ընկերություններից: Սակայն, քանի որ այս պատվաստանյութը պետք է պահվի մինուս 70 աստիճան սառեցման պայմաններում, աղքատ մեծ թվով երկրներ այն գնել չեն կարողանա:
Ինչպես Սայմըն Քլարքն է ասում, հույս կա, որ այն երկրներում, որտեղ պատվաստանյութերը կսկսեն օգտագործվել, կյանքը կսկսի հունի մեջ մտնել այս ձմեռն անցկացնելուց հետո:
Փորձագետները հույս ունեն, որ մինչ այժմ ստեղծված տասներկու պատվաստանյութերը, որոնք եւս կսկսեն շուտով կիրառվել աշխարհում, կդնեն կորոնավիրուսի համաճարակի վերջակետը:
https://www.amerikayidzayn.com/a/5686093.html