Բոլոր ազդակները հուշում են ՀՀ-ում տնտեսական գործունեության մեծ հնարավորությունների մասին. Փաշինյան
Friday, September 27, 2019Հայաստանի կողմից 2019թ-ին թողարկված եվրոբոնդերի սահմանված տոկոսադրույքը վկայում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը մեծացնել ՀՀ տնտեսական զարգացումների նկատմամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2013թ-ին ՀՀ կառավարությունը թողարկել էր 500 մլն դոլարի եվրոբոնդեր՝ միջազգային բորսայում Հայաստանի անունից վաճառքի հանվող արժեթղթեր։ Դրանց եկամտաբերությունը կազմել էր 6.25 տոկոս, այսինքն՝ Հայաստանի համար այդ եվրոբոնդերի թողարկումը այդքան տոկոս էր արժեցել, քանի որ որքան բարձր է տոկոսը, այնքան թողարկող երկրի համար այդ եվրոբոնդերի սպասարկումն ավելի թանկ է նստում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե 2013թ-ին եվրոբոնդերը թողարկվել էին 6.25, իսկ 2015թ-ին՝ 7.50 տոկոս եկամտաբերությամբ, ապա 2019թ-ին դրանք թողարկվել են 4.20 տոկոս եկամտաբերությամբ, այսինքն՝ դրանց սպասարկումը Հայաստանի համար շատ ավելի էժան է լինելու։
«Եվրոբոնդերի տոկոսների սահմանման տրամաբանությունը երկրի նկատմամբ տնտեսական վստահության ցուցանիշ է։ ՀՀ թողարկած եվրոբոնդերի եկամտաբերությունը նվազել է 2 տոկոսով, ինչը ցույց է տալիս տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը մեծացնել ՀՀ տնտեսական զարգացումների նկատմամբ։ Այսինքն՝ Հայաստանը տնտեսական առումով համարում է հուսալի երկիր, և դա արտահայտվում է կոնկրետ ցուցանիշներով նաև եվրոբոնդերի տոկոսներով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե 2015թ-ին Հայաստանում ներդրումային ռիսկայնությունը գնահատվել է 551.8 բազիսային կետ, ապա 2019թ-ին ռիսկը գնահատվել է 242.8 բազիսային կետ։
«Տվյալ դեպքում Հայաստանի ռիսկայնության գնահատումը կրկնակիից ավել նվազել է։ Սա չափազանց կարևոր տնտեսական իրադարձություն է։ 2019թ-ին թողարկել ենք 500 մլն դոլարի եվրոբոնդ, սակայն պահանջարկը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար, այսինքն՝ պահանջարկը չորս անգամ ավելի է, ինչը Հայաստանի նկատմամբ տնտեսական վստահության աննախադեպ ցուցանիշ է։ Այս ցուցանիշներով է, որ հաշվվում է երկրի տնտեսական հեռանկարը։ Բոլոր միջազգային և ներքին ազդակները հուշում են, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու շատ մեծ հնարավորություններ կան Հայաստանում»,- եզրափակեց Փաշինյանը։
https://armenpress.am/arm/news/989745.html