ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ընդունեց
Tuesday, December 22, 2020Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը սեփական օրինակով ցույց տվեց, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պատվաստանյութ ընդունել։ Կլինիկայում 78-ամյա Բայդենին սրսկելու գործողությունը ամերիկյան հեռուստաընկերություններով հեռարձակվել է ուղիղ եթերում։
Նա Pfizer ընկերության պատվաստանյութն է ընդունել, որից հետո իր խոսքում ասել է, որ շուտով կլինի նաև Moderna-ի պատվաստանյութը։
Դիմելով երկրի քաղաքացիներին, Բայդենը կրկին հորդորել է զգուշություն ցուցաբերել․ «Կարևոր է նշել, որ սա միայն սկիզբն է, շուտով կլինի նաև Moderna-ի պատվաստանյութը։ Իսկ առայժմ հուսով եմ մարդիկ կլսեն մասնագետներին, սկսած դոկտոր Ֆաուչիից։ Անհրաժեշտ է շարունակել դիմակներ կրել Սուրբծննդյան և Ամանորի տոնակատարություններին, ինչպես նաև սոցիալական հեռավորություն պահպանել և առանց անհրաժեշտության ճամփորդություններ չկատարել։ Մի ճամփորդեք։ Դա իսկապես կարևոր է, որովհետև ճգնաժամը դեռևս չի ավարտվել»:
Moderna-ի պատվաստանյութը հաստատվելու մասին օրերս հայտնել էր նաև նաև գործող նախագահ Դոնալդ Թրամփը։
Դեղագործական Moderna ընկերության համահիմնադիրներից է նաև ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանը։
https://www.azatutyun.am/a/31013417.html