Ամերիկայում շարունակվող բողոքի ալիքն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում
Monday, June 1, 2020Ամերիկայում շարունակվում են անցած տասնամյակների ընթացքում նախադեպը չունեցած ծավալով բողոքի ցույցեր: Ցույցերը, որոնք տարածվել են Սեաթլից մինչեւ մայրաքաղաք Վաշինգտոն, վերածվել են անհանգստությունների ալիքի, որոնց ժամանակ տեղ են գտնում բռնություններ եւ գրանցվում բախումներ:
Երկրի տասներկու նահագապետեր հրավիրել են Ազգային պահակազորի ջոկատներ, կասեցնելու համար բռնությունները, կարգ ու կանոնը վերականգնելու համար:
Այս ամենը սկսվեց, երբ սեւամորթ մի ամերիկացի` Ջորջ Ֆլոյդը մահացավ, ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո: Մինեապոլիս քաղաքի ոստիկան Դերեք Չովինը, որը Ֆլոյդին գետնին պառկած էր պահում իր ծնկի ուժով, այժմ մեղադրվում է երրորդ կարգի սպանության մեջ: Սակայն ցուցարարները պահանջում են ավելի խիստ մեղադրանք, ինչպես նաեւ պահանջում են, որ դատարանի առջեւ կանգնեն նաեւ մյուս այն երեք ոստիկանները, որոնք այդ պահին եղել են այնտեղ:
‘’Սա արդեն շատ երկար է շարունակվում, եւ մենք ուզում ենք տեսնել փոփոխություն’’, ասում են ցուցարարները:
Անցած հինգշաբթի օրվանից երկրի 22 քաղաքներում ոստիկանության կողմից ավելի քան 1700 ցուցարար է ձերբակալվել բռնություններ իրականացնելու պահին: Մինչ այժմ հրկիզվել են տասնյակ բիզնեսներ, մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններ, զոհվել` մի քանի ցուցարարներ:
Բողոքի այս ալիքը տարածվել է նաեւ ԱՄՆ-ից դուրս: Հարյուրավոր ցուցարարներ են իրենց բողոքի ձայնը բարձրացրել Լոնդոնում:
Մասնակիցներն ասում են, թե հարյուրավոր տարիներ են սեւամորթները ենթարկվել անարգանքի, եւ դա դեռ շարունակվում է ու ավելի վատթարանում: ‘’Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ ոչինչ չի արվել այս ուղղությամբ’’, ասում են նրանք:
Մինեսոթան ներկայացնող կոնգրեսական Իլհան Օմարի խոսքերով, այս օրերին սկսված անհանգստության ալիքը միայն մեկ մարդու մահվան արդյունք չէ: Նման վերաբերմունքի են այստեղ ենթարկվում շատերը: Անարդարությունը շատերն են իրենց վրա զգում մեր համակարգում’’, ասում է նա:
Նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ցուցարարների նկատմամբ իր աջակցության մասին, ասել է նաեւ, թե չի հանդուրժելու անկարգություններն ու վանդալիզմը:
‘’Ջորջ Ֆլոյդի հիշատակն անարգում են խռովարարները, թալանով զբաղվողները եւ անարխիստները: Բռնություններն ու վանդալիզմը ղեկավարում են Անթիֆան եւ ձախակողմյան մի շարք այլ խմբավորումներ’’, ասել է Թրամփը:
Այսօր որոշ շրջանակներ կարծում են, թե ԱՄՆ-ում անհանգստության այս ալիքը հրահրում է Ռուսաստանը: Բարաք Օբամայի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզըն Ռայսի այս հայտարարությանն ի պատասխան, Ռուսաստանի նախագահական խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, ասելով, թե այդ մեղադրանքները ‘’սխալ են եւ ոչ ճիշտ’’:
Սկսված անհանգստություններն առաջ են բերում նաեւ առողջապահության հետ կապված անհանգստություններ: Չէ որ նման բազմությամբ հավաքները կարող են է՛լ ավելի մեծացնել կորոնավիրուսի տարածման արագությունը, երբ ԱՄՆ-ում այս հիվանդություններից մահացությունների թիվն անցել է 106 հազարը:
https://www.amerikayidzayn.com/a/5444331.html