ԱՀԿ. Նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը կարող է դառնալ Ամերիկան
Tuesday, March 24, 2020Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է` նոր կորոնավիրուսի հերթական էպիկենտրոնը կարող է դառնալ Ամերիկան, որտեղ հիվանդացության դեպքերը վերջին օրերին սրընթաց աճ են արձանագրում:
«Մենք այնտեղ տեսնում ենք դեպքերի խիստ արագ ավելացում, ուստի կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է դառնալ վարակի հաջորդ օջախը», - «Ռոյթերզ»-ին ասել է համաշխարհային կազմակերպության խոսնակը:
Վերջին տվյալներով Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն անցել է 43 հազարից, անցած 24 ժամում մահացել է ավելի քան հարյուր մարդ, ինչը մեկ օրվա կտվածքով ամենամեծ ցուցանիշն էր համաճարակի բռնկումից ի վեր:
Վիրուսի տարածման դեմ պայքարին նաև Ամերիկայի զինված ոոժերն են միացել. Պենտագոնը հայտարարել է, թե պատրաստվում է առաջիկա ժամերին Նյու Յորքում և Սիեթլում դաշտային հոսպիտալներ բացել և տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայել նահանգներում`տեղական իշխանություններին աջակցելու համար:
Նախագահ Թրամփն էլ երեկ հրամանագիր է ստորագրել, որը քրեականացնում է կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ բշկական միջոցների մեծածավալ գնումն ու պահեստավորումը՝ ասելով․ - «Մենք չենք կարող թույլ տալ, որ ոմանք կուտակեն խիստ անհրաժեշտ այդ ապրանքները, կամ վերավաճառեն դրանք` բարձր գներով: Պարզ ասած, մենք չենք թույլ տա որևէ մեկին եկամուտ դիզել` դժվարին իրավիճակում հայտնված ամերիկացիների հաշվին»:
Եվրոպայում վիրուսի հիմնական օջախը շարունակում է մնալ Իտալիան, որտեղ երկշաբաթյա կարանտինից հետո վիճակագրությունը մի փոքր փոխվել է. երկրորդ օրն է մահվան և նոր հիվանդացության դեպքերը աննշան, բայց, այդուամենայնիվ նվազում են:
«Թեև վաղ է խոսել հաղթանակի մասին, սակայն թունելի վերջում արդեն լույս է երևում», - ասում են իտալացի պաշտոնյաները:
Փոխարենը սրվում է իրավիճակը Իսպանիայում. վերջին օրերին վարակի տարածման տեմպերը սկսել էին ահագնանալ, ինչի արդյունքում այժմ երկրում շուրջ քասասուն հազար հիվանդ կա, մահացածների թիվը հասնում է մոտ երեք հազարի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում համաճարակի էպիկենտրոնը դարձած Իտալիայից հետո: Վարչապետ Պեդրո Սանչեսը ժամեր առաջ կառավարության արտակարգ նիստ է հրավիրել` առաջկա քայլերը քննարկելու համար:
Մինչ այդ, երեկ ուշ երեկոյան Բրիտանիայի կառավարությունն էր արտահերթ նիտս գումարել` երկրում համազգային կարանտին հայտարարելու հարցով: Այսօր առավոտից արդեն բրիտանացիները տանից կարող են դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
«Այլընտրանք չունենք», - հայտարարեց վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ընդգծելով․ - «Այս վիրուսը մեզ պատուհասած ամենամեծ մարտահրավերն է վերջին տասնամյակների ընթացքում: Ես այսօր մի շատ պարզ հանձնարարություն ունեմ բրիտանացիներին` մնացեք տանը, դրանով կօգնեք չծանրաբեռնել առողջապահական համակարգն ու մարդկայն կյանքեր փրկել»:
Է՛լ ավելի զգացմունքային էր Կանադայի վարչապետի հորդորը։ «Բավ է արդեն, մնացեք տանը», - պնդեց Ջասթին Թրյուդոն՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է կարգուկանոնը պահելու համար անգամ պատժիչ միջոցների դիմել:
Զացմունքայնության առումով անգերազանցելին, սակայն, Իտալիայի քաղաքապետերն են, որոնք այս օրերին հնարավոր ամեն ճանապարհով` խնդրելով, աղաչել-պաղատելով ու սպառնալով, հորդորում են մարդկանց տանը մնալ:
«Տանը նստելը նշանակում է մնալ ընտանիքի հետ, ոչ թե իրար գլխի հավաքվել հարևաններով», - բացատրում էր Դելիայի քաղաքապետն ու զայրույթը չկարողանալով զսպել` հավելում․ - «Քսան հոգով հավաքվում եք, որ մի պաստառ նկարեք, վրան էլ գրեք` ամեն ինչ լավ է լինելու: Հավաքում եք, ձեր բարեկամ-հարազատներին եք կանչում, իբր որ պաստառը գեղեցիկ ստացվի: Բայց, ախր դա վարակի աղբյուր է, հասկանո՞ւմ եք»:
Մեկ այլ քաղաքի` Լուցերի ղեկավարը շատ ավելի կարճ ու կոնկրետ էր արտահայտվում․ -«Գրողը տանի, այս օրերին որոշ վարսավիրներ հաճախորդների տներ են գնում` կանանց մազերը հարդարելու: Գրողը տանի, հասկանո՞ւմ եք, որ դագաղը փակ են տանում... չեմ հասկանում, ախր դագաղի մեջ ձեր հարդարված մազերն ո՞վ է տեսնելու»:
Տրագիկոմեդիա հիշեցնող այս ուղերձների հետևում ամիսներ ձգվող անքուն գիշերներ են, հազարավոր մահվան դեպքեր ու կոտրված ճակատագրեր։ Երկրով մեկ հիվանդանոցները գերծանրաբեռված են, բժիշկները, ինչպես պատերազմի ժամանակ, ստիպված են ընտրել և օգնել այն հիվանդներին, որոնք առավել մեծ շանսեր ունեն ապրելու համար:
Որոշ դեպքերում, մարդիկ իրենք են այդ ծանր ընտրությունն անում: Միլանից քիչ հեռու գտնվող Քասինյո գյուղաքաղաքում, օրինակ, տեղի քահանան` 72-ամյա Դոն Ջուզեպե Բերարդելին հրաժարվել է արհեստական շնչառության սարքից, որը նրա համար գնել էին հավատացյալ հետևորդները` խնդրելով այն փոխանցել երիտասարդ որևէ հիվանդի: Մի քանի օր հիվանդության դեմ պայքարելուց հետո քահանան մահացել է Բերգամոյի հիվանդանոցում:
Երեկ երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստել էր` նոր կորոնավիրուսը ավելի արագ տեմպերով է տարածվում աշխարհով մեկ։
«Անհրաժեշտ է պաշտպանությունից անցնել առավել ագրեսիվ միջոցների», - հայտարարել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեսիուսը:
Վերջին շաբաթների վիճակագրությունը փաստում է` հիվանդացության առաջին հարյուր հազար դեպքն արձանագրվել էր 67 օրում, երկրորդ հարյուր հազարը` 11 օրում, մինչդեռ երրորդի սահմանը աշխարհը հատել է ընդամենը չորս օրվա ընթացքում:
«Տանը մնալու և սոցիալական շփումները նվազեցնելու ձեր հորդորները կարևոր են և հնարավորություն են տալիս մեզ ժամանակ շահել: Բայց դրանք լոկ պաշտպանական քայլեր են, որոնցով հաղթանակի չենք կարող հասնել», - երեկ հայտարարել էր միջազգային կազմակերպության ղեկավարը՝ ընդգծելով․ - «Վիրուսին հաղթելու համար մենք պետք է հարձակման անցնենք առավել ագրեսիվ և թիրախավորված ռազմավարությամբ: Անհրաժեշտ է թեստավորել յուրաքանչյուր կասկածելի դեպք, յուրաքանաչյուր հաստատված դեպք` մեկուսացնել և բուժել , ինչպես նաև հետևել ու առանձնացնել յուրաքանչյուրին, ով շփում է ունեցել հիվանդների հետ»:
https://www.azatutyun.am/a/30506900.html