Ադրբեջանական հայտարարությունների նպատակը հերթական պատերազմական հանցագործությունը կոծկելն է. ՊԲ
Wednesday, December 30, 2020Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտպանության բանակից՝ մեկնաբանելով դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածված այն կադրերը, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:
«Ավելին` ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ:
Նշված փաստերի համադրությունը ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը:
Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում»,-նշված է Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։
https://armenpress.am/arm/news/1039414.html