Disney-ի որոշումը Աթաթյուրքի մասին աղմկահարույց սերիալը չհեռարձակելու մասին կատաղեցրել է թուրք պաշտոնյաներին
Thursday, August 3, 2023Disney-ի որոշումը Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կյանքի մասին աղմկահարույց սերիալը չհեռարձակելու մասին կատաղեցրել է թուրք պաշտոնյաներին։
Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Disney ընկերությունը որոշել է հրաժարվել «Աթաթյուրք» պատմական դրամատիկ վեց մասանոց սերիալի ցուցադրումից, որը պետք է ցուցադրվեր Disney+ պլատֆորմում հոկտեմբերի 29-ին։ Դրա ցուցադրումը պետք է համընկներ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի ծննդյան 100-ամյակին, գրել է Politico-ն։
Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ղեկավար Էբուբեքիր Շահինը հայտարարել է, որ հետաքննություն կսկսվի առ այն, որ որոշումն ընդունվել է «հայկական սփյուռքի կողմից համաձայնեցված լոբբինգից հետո»։
Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Disney-ին կոչ էր արել հրաժարվել սերիալի ցուցադրումից՝ ընկերությանը մեղադրելով «բռնապետին եւ մարդասպանին» փառաբանելու մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարող ԱԶԿ կուսակցության մամուլի քարտուղարը Disney-ի գործողություններն անվանել է «խայտառակ» եւ հայտարարել, որ ընկերությունը զիջել է «հայկական լոբբիին»։
Disney+-ը հայտարարությունում հաստատել է, որ սերիալը չի հեռարձակվելու, բայց տեղեկացրել է, որ սերիալը վերցրել է FOX դուստր ընկերությունը։ Ցանցը հայտարարել է, որ այդ քայլը սովորական կոմերցիոն ծրագրային որոշում էր՝ «կոնտենտի տարածման մեր վերանայված ռազմավարությանը համապատասխան», իսկ նրա ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել սերիալի քննադատությունը։