2,5 միլիարդ դոլարի տեղը հայտնի է. Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը
Wednesday, December 12, 2018ԵՐԵՎԱՆ - Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարել է, որ ինքն ու արտերկրում բնակվող գործարար ընկերը պատրաստ են 6 միլիոն դոլար նվիրել պետությանը: Ղազարյանը դրա դիմաց բնականաբար ակնկալում է իր նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նոր իշխանության խնդիրներից մեկը պետք է լինի հասարակության հետ պարզել, թե արդյոք պետք է ներել նախկին պաշտոնյաներին, եթե նրանք համաձայնեն վերադարձնել հանրության հաշվին կուտակած հարստությունը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հստակ ասել էր, որ պետք է դիտարկել, թե հարստության ո՞ր մասի վերադարձի պարագայում է նակին պաշտոնյան ենթակա ներման: Ըստ Փաշինյանի, ներումը պետք է հաջորդի յուրացրածի առնվազն 98 տոկոսի վերադարձին: Մյուս հարցն էլ բնականաբար այն է, թե, օրինակ ինչքան է յուրացրածը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան է դրա 98 տոկոսը:
Օրինակ, 6 միլիոնը ինչքանն է այն հարստության, որ կուտակվել է թերեւս իշխանական դիրքը կամ կարգավիճակը չարաշահելու շնորհիվ: Մյուս հարցն էլ թերեւս այնտեղ է, թե ինչպես է ապացուցվելու իշխանական դիրքի չարաշահումը:
Այդ ամենն ըստ երեւույթին անցումային արդարադատության խնդիրն է, որի մասին էլ խոսել է Փաշինյանը: Միեւնույն ժամանակ, «ներքին կարգով» բարդ չէ պարզելը, թե ով ինչքան է յուրացրել կամ չարաշահել: Ավելին, մեծ հավանականությամբ իրավապահ մարմինների, մասնավորապես ԱԱԾ համար այդ ամենը զգալիորեն պարզ է, եւ նույնիսկ կան գուցե տարիների ընթացքում ձեւավորված համապատասխան գործեր եւ պատմություններ:
Ի վերջո, նախկին համակարգն ինքը չէր կարող չվարել համապատասխան «հաշվապահություն», որովհետեւ վերջին հաշվով դա նաեւ համակարգային անվտանգության տարրերից մեկն էր՝ մանրակրկիտ իմանալ, թե ով, որքան, ինչ ունի եւ ինչ մեխանիզմով է ձեռք բերել այդ ունեցածը: Դա պետք էր հարկ եղած դեպքում տվյալ սուբյեկտի դեմ կիրառելու համար, որքան էլ բարձր լիներ այդ սուբյեկտի պաշտոնեական դիրքը: Պարզապես խնդիրն այն է, որ մյուս կողմից էլ «թղթերով ամեն ինչ կարգին» էր, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում:
Հարկ եղած դեպքում տվյալ անձին պատժելու համար նախկին համակարգը ձեռքի մի շարժումով կպատռեր իհարկե այդ կարգին թղթերն ու կստացվեր, որ տվյալ սուբյեկտի մոտ ոչինչ էլ կարգին չէ: Նախկին համակարգն իրեն կարող էր թույլ տալ այդօրինակ ճոխություն, քանի որ օրինականությունն ու իրավականությունն այդ համակարգի «թույլ տեղը» չէր:
Նոր իշխանությունը որպես սկզբունք է հռչակել գործընթացների օրինականությունն ու իրավականությունը, հետեւաբար «թղթեր պատռելը» դիտարկում է այդ սկզբունքի հետ հակասության մեջ:
Մյուս կողմից, այդ հանգամանքն էլ ակնհայտորեն փորձում են ներկայում իրենց «ուժեղ կողմը» դարձնել նախկին համակարգի տարբեր ներկայացուցիչներն ու խմբերը, որոնց առաջ դրված է հանրությունից ու պետությունից յուրացրածը վերադարձնելու հարցը:
Հենվելով այդ «կողմի» վրա նրանq փորձում են դիրքային պայքար մղել հանրության, դրա կամքն արտահայտող նոր իշխանության հետ պայքարում:
Ընդ որում, այստեղ իրավիճակը առանձնահատուկ է այն տեսանկյունից, որ ինչքան նախկին համակարգի ներկայացուցիչները փորձում են հենվել այդ «ուժեղ կողմի» վրա եւ դիրքային պայքար մղել հասարակության եւ պետության հաշվին կուտակած ունեցվածքի պահպանության համար, այդքան նրանք փաստացի ուժեղացնում են առավել կոշտ եւ հատու միջոցների կիրառման հիմքը նոր իշխանության համար:
Ընդ որում, այդ առումով թյուրիմացություն կլինի նախընտրական շրջանում անցումային արդարադատության, յուրացրածը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտության, դրա դիմաց հանրային ներման արժանանալու մեթոդաբանության, ու ի վերջո վերադարձված այդ փողի միջոցով զինուժի սպառազինության համար առաջիկա հնգամյակում 2,5 միլիարդ դոլար ծախսելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լոկ քարոզչական նախընտրական տեխնոլոգիա դիտարկելը:
Փաշինյանն այդպիսով հանրային յուրօրինակ պատվեր էր դնում իշխանության առաջնային մանդատն ամբողջությամբ ստանձնելու քաղաքական գործընթացի ներքո, ստեղծելով այդ պատվերն իրագործելու հարցում առավել ուժեղ քայլերի աջակցության համար հանրությանն ամեն պահի դիմելու նախադրյալ:
Թերեւս կասկած չկա, որ Փաշինյանը կստանա այդ աջակցությունը:
Source: https://www.lragir.am/2018/12/12/403346/