Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալել է աղետների պատրաստվածության գնահատման ԱՄՆ թիմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Friday, May 10, 2019Մայիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման թիմին:
Թիմի կազմում են ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP) ղեկավար Սքոթ Մորլենդը, ծրագրի համակարգող Կարլ Ֆրանցը, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Սթիվըն Չուն և գրասենյակի ներկայացուցիչներ Անի Մելքումյանը և Գևորգ Հայրապետյանը:
Թիմի մասնագետների՝ Հայաստան այցելության նպատակը աղետներին պատրաստվածության և արձագանքման հարցերի վերաբերյալ համապետական գնահատում կատարելն է:
Համապետական ձևաչափով գնահատումը կատարվելու է առաջին անգամ: Հանդիպման շրջանակներում քննարկման առարկա դարձան Հայաստանի ազգային արձագանքման համակարգի, պատրաստվածության, արձագանքման կարողությունների, քաղաքացիական իշխանություններին՝ պաշտպանական կառույցների աջակցության, փոխադարձ օգնության կազմակերպման պլանավորման և վարժանքների անցկացման հետ կապված հարցերը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց աղետների ռիսկերի նվազեցման, կանխարգելման մեր երկրում գործող հայեցակարգը, ըստ որի ԱԻՆ-ը աղետների դեպքում պետական լիազոր մարմինն է, իսկ մյուս գերաստեսչությունները՝ օժանդակող:
Այս իմաստով, բոլոր պետական գերատեսչություններն ունեն աղետներին դիմակայելու իրենց պլանները, որոնք անհրաժեշտության դեպքում համաձայնեցնում են ԱԻՆ-ի հետ:
Նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց մեր երկրում առկա խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում գրանցվում են աղետների գրեթե բոլոր ձևերը, նաև ունենք ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացված տեխնածին աղետների վտանգ: Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն թաղամասում կա թունաքիմիկատների գերեզմանոց, իսկ տարբեր գործարաններում՝ քիմիական տարաբնույթ թափոններ:
Ըստ նախարարի՝ ՀՀ տարածքում ունենք վարարումների, սողանքների, անտառային հրդեհների, երկրաշարժերի ռիսկեր:
Այս առումով Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց աղետների կանխարգելումը, որին հնարավոր է հասնել կրթվածության, վարժանքների, արդիական տեխնիկային տիրապետելու և փրկարարի առաքելությունը գիտակցելու համատեղմամբ:
Սքոթ Մորլենդը նշեց, որ թիմն առաքելության շրջանակներում հանդիպումներ է ունենալու նաև այլ պետական գերատեսչություններում:
Ըստ Կարլ Ֆրանցի՝ գնահատումն իր մեջ ընդգրկելու է բոլոր համապատասխան կառավարական գերատեսչությունները և նպատակ է ունենալու տեղեկություններ հավաքել պատրաստվածության ու արձագանքման հարցերի վերաբերյալ։
Գնահատման արդյունքները արտացոլվելու են գրավոր զեկույցում, որն էլ հետագայում օգտագործվելու է երկկողմ համագործակցության և աջակցության առաջնահերթությունները հատկանշելու համար։
https://m.shamshyan.com/hy/article/2019/05/10/1124498/