Փարիզի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման վերաբերյալ
Wednesday, November 18, 2020Փարիզի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:
Նշվում է, որ հաշվի են առնվել, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական ու ռազմական աջակցությամբ և Սիրիայից ջիհադիստ գրոհայինների ներգրավվածությամբ, ռազմական հարձակում սանձազերծեց, Ադրբեջանի զինված ուժերի օդային հարվածներից Լեռնային Ղարաբաղում վիրավորվել և զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցվածքների 80%-ը, այդ թվում՝ կրթական և առողջապահական հաստատությունները մեծամասամբ ավերվել են, և որ այլ բնակավայրերում ևս առկա են բազմաթիվ ավերածություններ և տուժածներ, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո ստորագրված վերջնական զինադադարը, «որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել և որտեղ ուժի հաղթանակը գերիշխեց երկխոսության հաղթանակին», և մի շարք այլ հանգամանքներ: Հաշվի է առնվել նաև այն, որ, ինչպես նշված է փաստաթղթում, չնայած ռուսական խաղաղախահ ուժերի տեղակայմանը, վտանգված է Լեռնային Ղարաբաղի գոյության հարցը:
«Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում.
- որպեսզի Փարիզի քաղաքապետը նամակով դիմի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ),
- որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը, վերացնելով Ֆրանսիայի ՏԻՄ-երի առջև դրված Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ հաստատելու արգելքը, մարդասիրական օգնության համատեքստում նրանց արտոնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ,
- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները տեղական օպերատորի միջոցով կարողանան շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հնարավորինս հասցեագրված օգնություն հատկացնելով հակամարտությունից տուժած բնակչությանը,
- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները 50,000 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Այս օգնությունը, որը տրամադրվում է Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի միջոցով, գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) միջոցով Փարիզի գործընկեր և ՖՔՄԱ-ի անդամ մայրաքաղաք Երևանին նախապես տրամադրված 50,000 եվրոյի օժանդակությանը», - ասված է բանաձևի մեջ։
https://www.azatutyun.am/a/30957224.html