Շփման գծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծ թվով կենդանի ուժի կորուստներ է կրել
Wednesday, October 14, 2020Արցախի և Ադրբեջանի շփման գծում վաղ առավոտից վերսկսվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողությունները, որոնք շարունակվում են մինչ այս պահը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառվել է նաև օդուժ:
«Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները, հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ: Երկու ուղղություններով համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում՝ փորձել են զարգացնել հիմնականում հրետանու հուժկու, ինտենսիվ կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազամերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել՝ աներեր կանգնելով: Բավական մեծ են Ադրբեջանի ԶՈւ կորուստները կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա ու երեկվա ընթացքում: Օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններով»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին ևս մարտերը շարունակվում են, սակայն երեկոյան ժամերին մի փոքր հարձակումների ինտենսիվությունը նվազում է:
Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Արցախի հոսպիտալներից մեկը. «Ադրբեջանական զինված ուժերը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշյալը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
https://armenpress.am/arm/news/1031603.html