Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստացան մանդատները
Thursday, January 10, 2019Այս անգամ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնեց պատգամավորական մանդատները, այլ ընտրողները: Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել էին երկուսը, նրանց թվում՝ 103-ամյա Բավական Փիլոյանն ու 99-ամյա Խաչիկ Գաբրիելյանը, նաև՝ այս դեկտեմբերին առաջին անգամ ընտրություններին մասնակցած երկու երիտասարդներ։
Մանդատը ստանալու չէր եկել նախորդ տարիներին Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հավաստմամբ՝ ավելի վաղ ծրագրված միջոցառումն էր պատճառը:
«Ամսի 14-ին կմեկնարկեն 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, և մնացած ամեն ինչի մասին կխոսենք՝ ըստ իրադարձությունների զարգացման»:
Ի տարբերություն 105 հոգանոց և ընդամենը 1,5 տարվա կյանք ունեցած 6-րդ գումարման խորհրդարանի, նորը 132 պատգամավոր կունենա: Շատ են երիտասարդները, նաև՝ կանայք: Պակասել է խմբակցությունների թիվը՝ չորսի փոխարեն երեք ուժեր ներկայացված կլինեն: 88 տեղերը՝ կայուն մեծամասնոթյունը «Իմ քայլը» դաշինքինն է: Մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն կունենա 26 մանդատ, երրորդը՝ 18, «Լուսավոր Հայաստանը»:
Վերջին երկու ուժերը հայտարարել են, որ ընդդիմադիր են լինելու։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ապագա ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց հնչող քննադատություն-հայտարարություններին, թե իրենց շարքերում շատ են անփորձ երիտասարդները՝ ասելով․ - «Չափանիշները տարբեր են: Եթե նկատի ունենք, որ շատերը, մեծ մասը խորհրդարանում են հայտնվել առաջին անգամ օրենսդիրի պաշտոնում, ապա, այո, այդ առումով առաջինն են, և կարծում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց քվեով լիազորել են և պատվիրակել են այդ՝ դեռևս խորհրդարանում փորձառություն չունեցած անձանց՝ էնտեղ գործունեություն ծավալելու: Իսկ մասնագիտական առումով և մնացած փորձառությունների առումով, նման պակաս չկա»:
Խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգային հարցերից կլինի նաև օրենսդիրի ղեկավարության ընտրությունը: «Իմ քայլը» արդեն իսկ հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, երկու փոխնախագահներինը՝ պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը:
Հիմնական ինտրիգը պահպանվում է ընդդիմադիր փոխնախագահի ընտրության շուրջ։ Թե՛ ԲՀԿ-ը, թե՛ «Լուսավոր Հայաստանը» մտադիր են թեկնածու առաջադրել, իսկ նրանց ձայներն իրենց թեկնածուի ընտրության համար առանց «Իմ քայլի» աջակցության բավարար չեն:
«Իմ քայլից» Արարատ Միրզոյանը այսօր հայտարարեց, որ քվեարկելու են ամենամեծ խմբակցության թեկնածուի օգտին։
Իշխանության որոշումը չի փոխի «Լուսավոր Հայաստանի» ծրագրերը: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանի խոսքով՝ կառաջադրեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանին․ - «Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի: Հետևաբար պետք է խորհրդարանում ընտրվի, և ոչ թե ՀՀԿ-ի ժամանակ պահպանված տրադիցիաները մենք շարունակենք պահպանել»:
ԲՀԿ-ն չի հայտարարել փոխխոսնակի թեկնածուի անունը: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով, որոշում կա, որն առաջիկայում կհրապարակվի:
ԲՀԿ-ից չեն հստակեցնում նաև խմբակցության ղեկավարի, քարտուղարի անունները: Իսկ «Իմ քայլում» և «Լուսավոր Հայաստանում» կողմնորոշվել են․ իշխանականը խմբակցությունը կղեկավարի Լիլիթ Մակունցը, քարտուղարը կլինի Հակոբ Սիմիդյանը, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանինը»՝ Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը:
Արարարտ Միրզոյանը կարծում է, որ իրենց նեղը գցել չի լինի, բայց համաձայն չէ մեկնաբանությունների հետ, թե խորհրդարանում իրական ընդդիմություն չի լինելու․ - «Ես կարծում եմ, որ մենք շատ իրական և լուրջ ընդդիմություն կունենանք խորհրդարանում»:
«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը հավաստիացնում է, որ իրենք արդեն տեսնում են իշխանության բացթողումները, բայց թե որ հարցերում են քննադատելու, դեռևս խաղաքարտերը չեն բացում․ - «Մենք տեսնում ենք բացթողումներ, որոնք պետք է լրացնել»:
Վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը կարծում է, որ իր աշխատանքից դժգոհությունը չէր պատճառը, որ ընդգրկվեց ընտրական ցուցակում և ստացավ պատգամավորական մանդատ:
Հարցին, թե ով է իրեն փոխարինելու, Եղոյանն արձագանքեց․ - «Թե ով է ինձ փոխարինելու, կորոշի վարչապետը»:
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը խորհրդարան գնում է լրագրությունից: Տարիներ շարունակ նա նախկին իշխանությունների տնտեսական քաղաքականության քննադատներից էր։ Կարծում է, որ առաջնային է Հարկային օրենսգրքի փոփոխությունը, նաև հակակոռուպցիոն օրենսդրության մշակումը․ - «Ամբողջ օրենսդրական դաշտը պիտի ռևիզիայի ենթարկվի՝ հնարավորինս նվազեցնելու կամ իսպառ վերացնելու կոռուպցիոն ռիսկերի սխեմաները, որոնք տարիներ շարունակ շատ հետևողականորեն մտցվել են օրենքների մեջ»:
https://www.azatutyun.am/a/29701820.html