ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ Սենատի պատվիրակությունն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի քայլերին
Wednesday, August 9, 2023ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 9-ին ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Դեմյան Մերֆիին ու քաղաքականության տնօրեն Սառա Արքինին, որոնք Հայաստանում են գտնվում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենեդեսի հանձնարարությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը` Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների համաձայն:
Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու համար Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգություն, կայունություն ու խաղաղություն հաստատելու նպատակով հայկական կողմի կատարած քայլերին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական ընդլայնմանը, խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: