Հայաստանում ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք
Monday, January 27, 2020Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրով նախատեսվում է Հայաստանի 6 մարզերում ռիսկերից ապահովագրել ավելի քան 30 հազար հա հողատարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
«2019թ. սեպտեմբերի 30-ից Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանից առաքվող փոստային փաթեթների մաքսային զննման ձևակերպման համար սահմանված սակագինը (2250 դրամ) չեղարկվել է՝ հնարավորություն ընձեռելով փոքր և միջին բիզնեսին ավելի արդյունավետ օգտագործել էլեկտրոնային առևտրի և արտահանման հնարավորությունները:
https://armenpress.am/arm/news/1002653.html