Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 145 նոր դեպք․ ապաքինվել է 327, մահացել 8 քաղաքացի
Tuesday, August 18, 2020Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1067 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 186661 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 327 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 832 (ավելացել է ևս 8-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 91, 71, 65, 70 տարեկան տղամարդիկ և 82, 69, 84, 79 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: