Համազգային միասնությունը փաստում է` Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում. Արցախի նախագահ
Monday, October 5, 2020Արցախն Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների իններորդ օրն ամփոփում է առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է` ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը լուծել է փայլուն։
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերևս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել:
Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին։
Մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»,-նշել է Հարությունյանը:
https://armenpress.am/arm/news/1030491.html