Կորոնավիրուս. 3 միլիոն 87 հազար վարակակիր. Տարածման արագությունը շարունակում է անկում ապրել
Tuesday, April 28, 2020Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեքշաբթի օրվա տվյալներով հասել է 3 միլիոն 87000-ի, մինչ այժմ մահացել է 212 700 մարդ, բուժվել` 935 հազարը:
ԱՄՆ-ում, երկիր, որն աշխարհում ամենամեծ թվով վարակակիր ունեցող պետությունն է, վարակված անձանց թիվն անցել է 1 միլիոնը` երբ վերջին մեկ օրում այդ թիվն ավելացել է 1790-ով: Այստեղ կորոնավիրուսին զոհ է գնացել առնավազն 56 հազար մարդ:
Իսպանիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 232 հազար, Իտալիայում` 199 հազար: Ըստ վարակակիրների թվի, հաջորդը գալիս են Ֆրանսիան, ապա` Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը: Այստեղ, որտեղից սկսվել էր կորոնավիրուսի տարածումը, ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 82 հազար մարդ, մահացել` 4633 հիվանդ: Սակայն վերջին մեկ օրվա ընթացում Չինաստանում հայտնաբերվել է հիվանդության միայն 6 դեպք:
Տնտեսագետները մռայլ ժամանակներ են կանխատեսում աշխարհում տնտեսական առումով: Միացյալ Նահանգները, ըստ Բիզնես տնտեսության ազգային ընկերակցության զեկույցի, կարող է այս տարեվերջին գրանցել Մեծ լճացումից ի վեր տնտեսական ամենածանր ժամանակաշրջանը:
Սակայն երբեմն հուսադրիչ որոշ ցուցանիշների, ինչպես նաեւ տանը մնալու ձանձրույթից ու տնտեսական դժվարությունների պատճառով, եվրոպական մի շարք երկնրեր որոնում են սահմանափակումները մեղմելու ձեւեր: Իտալիան դա պատճառաբանում է մահացությունների ամենօրյա ցուցանիշների անկման, Իսպանիան` հիվանդության նոր դեպքերի թվի կրճատման փաստով:
Բելգիայում, որտեղ գտնվում են Եվրոպական միության գլխավոր կենտրոնակայանները, նույնպես շարունակում է գրանցվել նոր դեպքերի անկում, ինչպես նաեւ` մահացությունների ամենօրյա ցուցանիշի նվազում: Ֆրանսիայում եւս անցած երկու շաբաթների ընթացքում շարունակվում է ամեն օրվա կտրվածքով մահացությունների թվի անկումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կորոնավիրուսից լիովին ապաքինվելուց հետո աշխատանքի վերադառնալու առաջին օրը հայտարարեց, որ իր երկիրը հասել է համաճարակի գագաթնակետին եւ արդեն սկսվում է անկման գործընթացը:
Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ համաճարակը դեռեւս հեռու է իր մահվան օրից, ու հանդես գալիս միջազգային համագործակցության կոչով, թույլ չտալու, որ համաճարակն ունենա նաեւ հարձակման երկրորդ ալիքը: Այն նշում է աֆրիկյան մայր ցամաքը, որտեղ աճում են ե՛ւ նոր դեպքերի ե՛ւ մահացությունների թվերը: Մոտ 32 հազար վարակակիր, 1423 մահ:
Հայաստանում հայտնաբերվել է հիվանդության եւս 59 դեպք, գրանցվել մեկ մահացություն: Ապաքինվել է 866 մարդ:
https://www.amerikayidzayn.com/a/5395762.html