Կորոնավիրուսով վարակակիրների թիվն այսօր անցել է 5 միլիոն 635 հազարից
Tuesday, May 26, 20205 միլիոն 635 հազար: Աշխարհում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել են այս թվով մարդիկ: Այս թիվը ներկայացնում է նրանց, ովքեր թեստավորվել են: Ինչպես մասնագետներն են ասում, կան միլիոնավոր այլոք, որոնք կրում են վիրուսը, նույնիսկ` առանց այդ մասին տեղյակ լինելու:
Կովիդ 19-ից մահացածների թիվն անցել է 349 հազարից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում երկրների կառավարություններին ու ժողովուրդներին հարգել կանոններն ու չհրաժարվել պաշտպանական միջոցներից:
Հաստատված դեպքերի ու մահացությունների թվով առաջին տեղում է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ մինչ այժմ գրացնվել է կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն 700 հազար դեպք, մահացությունների թիվը` մոտեցել 100 հազարին:
Մեկ օրում 807 մարդ է մահացել Բրազիլիայում, երկիր, որը հաստատված դեպքերով զիջում է միայն ԱՄՆ-ին: Այստեղ կա ավելի քան 377 հազար վարակակիր: Այստեղ մահացել է միջին հաշվով յուրաքանչյուր հարյուր վարակակրից վեցը: Հիվանդությունը Բրազիլիայում հիմնականում հարվածել է Սաո Պաոլո եւ Ռիո դե Ժանեյրո քաղաքներին:
Մեկ օրում 8946 նոր դեպք գրանցելով` Ռուսաստանում հաստատված դեպքերը հասել են 362 հազարի, երկիր, որը վարակակիրների թվով աշխարհում երրորդն է: Եվս 92 մահ գրանցելով, բոլոր մահացածների թիվն այստեղ հասել է 3800-ի:
Մեծ Բրիտանիայում եւս մահացությունների թիվը անկում չի գրանցում: Մեկ օրում այստեղ հիվանդությանը զոհ է գնացել
121 մարդ, երկիր, որտեղ գրանցվել է 265 հազար վարակակիր: Սակայն սահմանափակումները մեղմելու ուղու վրա երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հունիսի 1-ից կվերաբացվեն բացօթյա շուկաները, ավտոշոուները: Ոչ էական նշանակություն ունեցող մյուս հաստատությունները կստանան հունիսի 15-ից վերաբացվելու իրավունք:
Ֆրանսիայում շարունակում են գրանցել հիվանդանոցներ տեղափոխվող անձանց թվի անկում: Մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներում բուժում ստացողների թիվը նվազել է 387-ով: 46-ով կրճատվել է վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող անձանց թիվը: Ֆրանսիայում մինչ այժմ մահացել է 28.432 մարդ:
Վարակակիրների թվով ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո գալիս են Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Հնդկաստանը, Իրանը: Իրանում գրանցվել է հիվանդության 139 հազար, մահվան` 7508 դեպք:
Իտալիայում սկսել են բացել մարզական կենտրոնները, ծածկած լողավազանները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների պաշտոնապես հաստատված թվերը հասել են 7402-ի: Մահացել է 91 մարդ, ապաքինվել` 3220 վարակակիր:
Ըստ բնակչության հետ տոկոսային հարաբերության, մահացությունների թվով Հայաստանն աշխարհում 50-րդ տեղում է:
Աշխարհում կորոնավիրուսին հաղթել է ավելի քան 2 միլիոն 403 հազար մարդ:
https://www.amerikayidzayn.com/a/5436684.html